Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, կեսգիշերին Կոթի գյուղի կենտրոնում ադրբեջանական գնդակոծության հետեւանքով ոտքի սրունքից վիրավորվել է սահմանամերձ այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Նրան ճանաչում ենք 1987 թվականից, երբ տողերիս հեղինակը Կոթիի դպրոցում պատմության ուսուցիչ էր, Ս. Սեփխանյանը՝ այդ դպրոցի տնտեսվարը: Այսօր`սեպտեմբերի 19-ին զանգահարեցինք Երեւանի թիվ 1 հիվանդանոցում գտնվող Ս. Սեփխանյանին, ուր նա բուժվում է, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի բժշկական հսկողության տակ է գտնվում: Սուրենն ասաց, որ իրեն լավ է զգում:
Նա հայտնեց , որ սա իր վիրավորվելու 3-րդ դեպքն է, առաջին անգամ վիրավորվել է 25 տարի առաջ. ադրբեջանական ինքնաձիգի գնդակից, որից հետո բժիշկները իր թոքի մի մասը հեռացրել են: Դրանից հետո իր առանձնատան բակում արկ է ընկել, Սուրենի ձախ ոտքը վիրավորվել է, իսկ 2018թ. սեպտեմբերի 15-ին ՝ աջ ոտքը:
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ Ս. Սեփխանյանը 3 անգամ վիրավորվելու առումով եզակի չէ, Կոթիում ապրում է վարորդ, որի վարած բեռնատարները 3 անգամ ջախջախվել են հակատանկային ականների պայթյուններից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ