Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մուրադյան. «Ես չեմ տեսնում ուսանողների այն թիվը, որոնց պահանջով պետք է հրաժարական տամ»

Սեպտեմբեր 19,2018 13:51

Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և վարչական կազմի հրաժարականը: Ուսանողների մի մասը դրսում է` դասադուլի, մյուս մասը մասնակցում է դասերին:

Դասախոսներից Հասմիկ Իսրայելյանն ասաց, որ սատարում է իր ուսանողներին ու համամիտ է, որ ինստիտուտում խնդիրները շատ են: Նրա խոսքերով, մուծելով 600000 դրամ ուսման վարձ, ուսանողները պետք է պահանջատեր լինեն եւ ստանան պատշաճ կրթություն: «Ոստիկանության հայտարարությունից հետո ուսանողներն ավելի զայրացած են: Գտնում են, որ խնդիրը միայն պրոռեկտորը չէ, դրա համար պահանջում են ղեկավար կազմի հրաժարականը: Մեր բուհը տարբերվում է բոլոր բուհերից, իրենք միայն լսարանային պայմաններում չեն դասերն անում»,-ասաց դասախոսը:

Ուսանողներից մեկն ասաց, որ մինչ ինստիտուտում ոստիկանության բացահայտումները, նախորդ ուսումնական տարվա վերջից բարձրաձայնել են իրենց դժգոհությունների մասին, եւ այժմ ուսանողների համբերության բաժակը լցվել է: «Մենք ունենք հստակ փաստեր, դրա համար էլ պահանջում ենք վարչական կազմի հրաժարականը: Միայն ռեկտորի անտեղյակության պատճառով, որ իր կողքի սենյակում նստած մարդը կարող է գումար լվանալ, ինքը պետք է հրաժարական տա»,- ասաց նա:

Կինոյի ֆակուլտետի ուսանողն ասում է, որ ամենաահավորն իրենց վիճակն է: Եթե պահանջին համապատասխան քայլեր չլինեն, խոստանում են այլ միջոցների դիմել: Ուսանողները վստահեցնում են, որ խնդիրների փաթեթը ուղարկել են ԿԳ փոխնախարարին, խոստացել են, որ խնդիրը կլուծվի:

Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն Ազատություն ռ/կ-ի ուղիղ եթերում ասաց, որ երեկ ուսանողներից 40-50 հոգու ընդունել է եւ հետները զրուցել: Նա նաեւ ասաց, որ ներքեւում մի 40 հոգի է ցույց անում, իսկ այս բուհը 800-ի չափ ուսանող ունի, այնպես որ, պետք է վերապահումով մոտենալ դասադուլին: «Ես չեմ տեսնում ուսանողների այն թիվը, որոնց պահանջով պետք է հրաժարական տամ»,-ընդգծեց ռեկտորը:

Նրա խոսքով, քննությունը դեռ շարունակվում է, եւ պետք է սպասել դրա ավարտին, հետեւաբար մեկնաբանություն անելիս ավելին չի կարող ասել: «Խնդիրներ եղել են, մենք աջակցել են ոստիկանության գործողություններին, տվել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ամեն ինչ նրանց տրամադրության տակ է»,-հավելեց նա: Ասաց նաեւ, որ պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը, որի մասին անդրադարձ կար ոստիկանության հաղորդագրության մեջ, հրաժարական է ներկայացրել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930