Այսօր ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Նիստից բացակայում էին «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը:
ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ասաց. «Մեր խորին համոզմամբ վտանգված են երկրում երաշխավորված իրավունքի իրացման եւ արդար դատաքննության իրավունքի ապահովման սկզբունքը: Սա մտահոգիչ է: Հիմնական մտահոգության առարկա է հանդիսանում այն հանգամանքը, որ եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետին գաղտնալսում են, դա նշանակում է, որ որեւէ անձ երաշխավորված չէ իր կյանքի իրավունքի անօրինական գաղտնալսմանը: Իսկ դա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 8-րդ հոդվածով, մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իրավունք է»:
Կոստանյանն առաջարկեց, որ քանի որ սա առաջին դեպքն է Քննիչ հանձնաժողովի, պահանջվող փաստաթղթերի ցանկ առաջարկեն՝ «մանդատի շրջանակներում, ձեր կարծիքով որ պետական մարմիններից ի՞նչ փաստաթղթեր մենք պետք է պահանջենք, որոնք առնչվում են գաղտնիության ապահովմանը եւ արդարադատության խոչընդոտմանը, միջազգային որ մարմիններից հրավիրենք մասնագետներ, ինչ մասնագիտացմամբ, որ պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողովում ներկայացնելու իրենց դիրքորոշումները»:
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նախ ընտրեն հանձնաժողովի նախագահի տեղակալ: Կոստանյանն առաջարկեց, որ դա անեն հաջորդ նիստին: «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ եթե հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, տեղակալը պետք է լինի ԱԺ ընդդիմությունից, սակայն Կոստանյանը հակադարձեց՝ ասելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքում նման բան չկա:
Հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ