Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդոյանը վատառողջ է. ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը 2 շաբաթ չի կայանա

Սեպտեմբեր 19,2018 13:34

ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր պետք է շարունակվեր տուժող-ոստիկաններից երկուսի հարցաքննությունը, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից Արայիկ Խանդոյանը՝ ազատամարտիկ «Միայնակ գայլը», առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեղավ անգամ նիստերի դահլիճում գտնվել: Նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատավոր Մեսրոպ Մակյանին հայտնեց, որ ըստ բժշկական ուղեգրերի՝ նա պետք է բուժումներ ստանա, իսկ թե որքան կտեւեն դրանք, դեռ պարզ չէ:

Դատավոր Մակյանը նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 3-ը՝ ակնկալիքով, որ մինչ այդ Խանդոյանը բուժօգնություն կստանա:

Aravot.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ Խանդոյանը լուրջ առողջական խնդիրներ ուներ դեռեւս պատերազմի տարիներից, իսկ կալանավայրի պայմանների պատճառով դրանք գնալով խորանում են. «Չեմ կարող ասել՝ այս պահին առողջական խնդիրը սպառնում է կյանքին, թե ոչ: Ստուգումները պարտադիր են, նա երեւի «առողջ տեղ» չունի»:

Հիշեցնենք, որ այս գործով կալանքի տակ են միայն ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում է երկու, եւ Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է մեկ ոստիկանի սպանության համար: Դատարանը նախորդիվ երկու անգամ մերժել էր նաեւ մեղադրյալ Պավլիկ Մանուկյանին կալանքից ազատելու միջնորդությունները (որոնցից մեկը՝ պատգամավորական երաշխավորագրերի հիմքով)՝ հաշվի առնելով նրա վերջին աղմկոտ հայտարարությունները դատարանում:

Մանուկյանի շահերի պաշտպան Ազատ Շահբազյանն այսօր դատավորին հիշեցրեց, որ նախորդ նիստում բավարարվել է Մանուկյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը, որի գրավոր օրինակը, սակայն, իրենք դեռ չեն ստացել:

Դատավոր Մակյանը տեղում հանձնեց փաստաթղթի օրինակը, թեեւ նշեց, որ այն առաքվել է փոստով:

Ենթադրվում է, որ հաջորդ նիստում փաստաթղթով ամրագրված առողջական խնդիրների առկայության հիմքով կներկայացվի Պավլիկ Մանուկյանին կալանքից ազատելու միջնորդություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930