Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ Yerevan Today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը աղավաղել է իր խոսքը ու հայտնվել ծիծաղելի վիճակում:
Հիշեցնենք, որ երեկ Սեւակ Հակոբյանն ասուլիսի ժամանակ ասել էր. «Ես Աշոտ Մելիքյանի վրա շատ զարմացած եմ: Բավականին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է…ինքը արդեն մեզ դրել է Ռոբերտ Քոչարյանի տրամադրության տակ ու ստացվում է, որ եթե մի բառ ասենք, պաշտպանում ենք Քոչարյանի քաղաքական նկատառումները…ուղղակի ողբում եմ ես այդ կառույցի համար, եթե նման գնահատականով է շարժվում»:
«Երբ խոսում եմ պարտված ռեժիմի մասին՝ նկատի ունենալով ՀՀԿ-ական իշխանությանը՝ ինքը հուզմունքից այնպես չի կարդում համակարգիչն առջեւը դրած, կարդում է պարտադրված ռեժիմ եւ կապում Քոչարյանի հետ: Կամ երբ ինձ վերագրվում է այն, որ ես Yerevan Today-ը կապում եմ Քոչարյանի հետ, մինչդեռ խոսքը գնում է նրա մասին, որ լուրեր են շրջանառվում, որ այդ կայքը կապվում է Քոչարյանի հետ, իսկ դա փաստ է, որ նման լուրեր շրջանառվում են, ինչպես նաեւ լուրեր են շրջանառվում , որ Քոչարյանը մի շարք լրատվամիջոցներ է գնում կամ ֆինանսավորում: Այդ փաստը հնարավոր չէ անտեսել: Խեղաթյուրելով իմ խոսքերը՝ նա այդ ամենը անձնավորել ու կարծում եմ, որ շատ տարօրինակ մեղադրանքներ է փորձել առաջ քաշել, այդ թվում կոմիտեի դոնորների վերաբերյալ: Կարծում եմ, որ մենք շատ թափանցիկ ենք աշխատում եւ մեր կայքում դրված է, թե որ դոնորից ինչ ծրագիր ենք իրականացնում: Դրա փոխարեն շատ ճիշտ կլիներ, որ Yerevan Today-ը, ինչպես պահանջում է ժողովրդավար հասարակությունը, թափանցիկ սարքեր իր սեփականությունը եւ ֆինանսավորման աղբյուրները, եւ դա շատ ազնիվ կլիներ իր իսկ լսարանի հետ աշխատելու համար: Չեմ ուզում անդրադառնալ անձնավորված արտահայտություններին, դա կարելի է թողնել այդ խմբագրի ու նրա հովանավորների խղճին»,- ասաց կոմիտեի նախագահը:
Ինչ վերաբերում է երբ եւ ինչպես հայտարարություն տարածելուն՝ պարոն Մելիքյանն ասաց՝ իրենք են որոշելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակի» հարցին, թե արդյոք ճնշում չէ՞ կոնկրետ լրատվամիջոցի և լրատվամիջոցների վրա, առհասարակ, Աշոտ Մելիքյանը վաղ էր համարել նման գնահատականներ տալ՝ պատճառաբանելով, թե առայժմ այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել, և միայն դրանից հետո կերևա՝ արդյոք դրանով ճնշո՞ւմ է գործադրվել լրատվամիջոցի վրա, թե՞ ոչ. «Որովհետև մեծ հաշվով այդ մարմինները չեն ասել, թե ինչու եք հրապարակել կամ այլևս չհրապարակեք, կարծես թե այդպիսի արգելքներ դեռ չկան։ Մյուս կողմից, մենք չունենք այն հիմնավորումները, որոնք որ հիմք են հանդիսացել այդ գործողությունները կատարելու համար։ Տեսնենք, թե ում հիմնավորումներն ավելի շատ կլինեն, բայց կարծում եմ՝ էստեղ նաև դեր է խաղացել այն, որ Yerevan.today-ն արդեն կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, կարծում եմ՝ էստեղ նաև քաղաքական ենթատեքստ կա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ