Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակախոս. «Հանրապետությունը լցված է «դուխով», սակայն անտեսվում է մեր ոգեղեն զինվորների հիշատակը»

Սեպտեմբեր 19,2018 13:14

Սեպտեմբերի 19-ին լրանում է Արարայի ճակատամարտի 100-ամյակը: Առաջին աշխարհամարտում կամավորական հայ լեգեոնականների տարած փայլուն հաղթանակն Արարայի ճակատամարտում պատմաքաղաքական նշանակություն է ունեցել: Այս մասին «Տեսակետ» ակումբում նշեցին հրապարակախոս Հակոբ Հարությունը եւ պատմաբան Սամվել Պողոսյանը:

Սամվել Պողոսյանն ընդգծում է, որ Պաղեստինի տարածքում տեղի ունեցած այդ ճակատամարտն ամենավճռորոշներից էր, որը հայտնի է Արմագեդոնի ճակատամարտ անունով: «Դրա արդյունքում ոչնչացվեց ամբողջ թուրքական բանակը, որը գտնվում էր Սիրիայում, Պաղեստինում, Լիբանանում եւ Հորդանանում: Արդյունքում, Թուրքիան պատերազմից դուրս եկավ, քանի որ երեք բանակները ոչնչացվեցին: Այդ խոշորագույն ճակատամարտին մասնակցել է նաեւ հայկական զինուժ, որը Ֆրանսիայի հովանավորության ներքո Կիպրոսում կազմավորված հայկական լեգեոնն էր: Այն ուներ 5000 մարտիկ: Հայկական լեգեոնը մասնակցեց ճակատամարտին Արարայի հատվածում:

Փայլուն մարտական գործողություն իրականացվեց, հայկական լեգեոնի առաջ խնդիր էր դրված ուղղակի թուրքերի ուշադրությունը շեղել, որովհետեւ անգլիական զորքերը հարձակումը այլ ուղղությունից պետք է իրականացնեին, մտածում էին, որ հայերը չէին կարող գրավել բարձունքները, սակայն հայերն արեցին ավելին:

Հայկական զինուժը, չնայած իր թվաքանակով 2-3 անգամ պակաս էր թուրքական ու գերմանական զորքերից, կարողացավ առաջին իսկ հարվածով գրավել դիրքերի առաջին շարքը, ապա երկրորդ եւ երրորդը, ու ունեցավ փայլուն հաղթանակ: Եվ իզուր չէ, որ անգլիական բանակի գլխավոր հրամանատարը, պաղեստինմյան ճակատի գլխավոր հրամանատար գեներալ Էդմունդ Ալենբին հատուկ շնորհակալություն հայտնեց հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարին, Եգիպտոսի հայ ազգային միությանը եւ պատիվ համարեց, որ իր ձեռքի տակ ծառայել է հայկական լեգեոնը ու մեծ դերակատարություն ունեցել հաղթանակի հարցում»,-ասաց Սամվել Պողոսյանը:

Մանրամասները տեսանյութում՝

Պատմաբանը հավելեց, որ հայկական լեգեոնը կազմավորվել է 1916թ.: Եվ դրա նպատակն էր ազատագրել Կիլիկիան: «Սա հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն օրինակներից մեկն էր: Զինվորները հայ կամավորներ էին, սպաների մի մասը ֆրանսիացիներ էին, մի մասը` հայեր: Փաստորեն այդ համագործակցությունն իսկապես ստացվեց, հայկական լեգեոնը դարձավ այն ուժը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտական փուլում կարողացավ 1918 թ.ազատագրել Կիլիկիան: Այլ հարց է, որ 20 թ Հայկական լեգեոնը ցրվեց, իսկ 21-ին Ֆրանսիան այն վերադարձրեց Թուրքիային»,-հիշեցնում է պատմաբանը:

Սամվել Պողոսյանը փաստում է, որ Կիլիկիայի ազատագրության համար ձևավորված Հայկական լեգեոնը՝ հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք և քաղաքական գործոն էր, եւ զարմանալի է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին Արարայի ճակատամարտի 100-ամյակն անուշադրության է մատնվում:

Հրապարակախոս Հակոբ Հարությունը, որ լեգեոնականի թոռ է, ասում է. «Ինձ համար շատ տարօրինակ է, որ ամբողջ հանրապետությունը լցված է «դուխով», սակայն անտեսվում է մեր ոգեղեն զինվորների հիշատակը: Կամավոր հայ լեգեոնականները Ֆրանսիական դրոշի տակ կռվում էին Անտանտի ուժերի կողքին եւ Առաջին աշխարհամարտում հենց հայկական լեգեոնականների շնորհիվ էր, որ հայերը համարվում էին Անտանտի փոքր դաշնակից: Առաջին աշխարհամարտում փաստորեն հայերը եղել են հաղթող ուժերի կողքին: Թուրքիան պարտված երկիր էր Առաջին աշխարհամարտում, այդ պարտված երկիրը, սակայն, 2015թ մեծ միջոցառում է անցկացնում Առաջին աշխարհամարտում իր հաղթանակած զինվորին փառաբանելով: Եվ սա այն դեպքում, երբ Պաղեստինի ճակատամարտը համարվում է երկրորդ Դարդանել, մինչդեռ առաջինը հայերն են ճեղքել ռազմաճակատի գիծը: Մենք ինչո՞ւ մեր հաղթանակած զինվորին չենք փառաբանում, ի հակառակ Թուրքիայի, որը Դարդանել է նշում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 «Վերջերս Նիկոլ Փաշինյանը գնաց Ֆրանսիա, այսօր բոլորը խոսում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին, նշանակում է նաեւ պետք է խոսեն հայ-ֆրանսիական հարաբերությունների, պատմական ընթացքների մասին: Հայկական լեգեոնը հենց հայ-ֆրանսիական հարաբերություններում ամենացցուն փաստացի օրինակն է»,-ընդգծում է հրապարակախոսը ու կարծում, որ պատմաբանները նման բաները պետք է հուշեն ՀՀ ղեկավարներին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930