Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք խոցելի խումբ են հանդիսանում մեր երկրում, քանի որ գործատուները միտված են աշխատակիցներին մաքսիմալ ժամերով աշխատանքի ներգրավել

Սեպտեմբեր 19,2018 12:58

Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը բավականին խրթին է հատկապես մասնավոր կառույցներում, որովհետև պահանջատիրական մոտեցումը բազմաթիվ գործատուների կողմից շատ հաճախ դուրս է աշխատանքային օրենսգրքից։ Խտրական դրսևորումները համատարած են ինչպես կանանց ու տղամարդկանց միջև, այնպես էլ կանանց խմբերի միջև։

Խտրականության դրսևորումներն ակնհայտ են դառնում դեռևս գործատուների կողմից աշխատանքային հայտարարություններ տեղադրելուց։ Բազմաթիվ հայտարարություններում հստակ գրառում կա, որ ինքնակենսագրականներն անհրաժեշտ է ուղարկել նկարով, նշվում է տարիքային սահմանափակում, նախընտրելի սեռ, մինչդեռ զարգացած պետություններում, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում նույնիսկ օրենքով է ամրագրված, որ գործատուն ինքնակենսագրական պահանջելիս չունի իրավունք տվյալ հաստիքի հավակնորդից նկար, տարիք կամ սեռի մասին որևէ տեղեկություն պահանջի, որովհետև արտաքին տեսքին, տարիքին և սեռին նախապատվություն տալն արդեն իսկ խտրականություն է։ Գործատուների կողմից ճիշտ մոտեցում կլինի վերոնշյալ պահանջների փոխարեն թափուր հաստիքների հայտարարություններում նշեն տվյալ հաստիքի համար սահմանված աշխատաժամանակն ու աշխատավարձը: Այս կետերը ևս ամրագրված են օրենքով գրեթե բոլոր զարգացած երկրներում:

Հերթականությամբ ընդգծելով աշխատաշուկայում առկա խտրական մոտեցումները՝ չեմ վարանի անցում կատարել այն հարցազրույցներին, որոնք հրավիրվում են հավակնորդի թեստային աշխատանքները գնահատելուց և հավակնորդին տվյալ հաստիքին կոմպետենտ համարելուց հետո։ Այստեղ արծարծվող հարցերը ոչ միայն աշխատանքային օրենսգրքի խախտումներն են ընդգծում, այլև խտրական են ու դեմոտիվացիոն։

Օրինակ, դեռևս 2016թ. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը թափուր հաստիքների հայտարարություններ էր տեղադրել համապատասխան կայքերում և դիմորդներին հրավիրել թեստավորման, այնուհետև թեստի արդյունքներից ելնելով, որոշ մասնագետների հրավիրել հարցազրույցի։ Հանրային հեռուստաընկերության մարդկային ռեսուրսների դեպարտամենտի ղեկավարը, հարցազրույցի ընթացքում, նախ ճշտելով դիմորդի ընտանեկան կարգավիճակը շեշտը դնում է ամենօրյա արտաժամյա աշխատանքին: Հարց է ուղղում դիմորդին, արդյոք վերջինս պատրաստ է ամեն օր աշխատել մինչև 19:30, երբ իրենց աշխատանքը սկսվում է ժամը 9:30 և ավարտվում է 18:30 և հստակեցնում, որ արտաժամյա աշխատանքի դիմաց չի վճարվելու: Այս հարցադրումն արդեն աշխատանքային օրենսգրքի խախտում էր դեռևս այդ ժամանակահատվածում, երբ աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանված է, որ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող գերազանցել 8 ժամը, իսկ արտաժամյա աշխատանքը թույլատրվում է բացառիկ դեպքերում: Ընտանիք կազմած և երեխա խնամող կնոջը նման հարց ուղելն արդեն իսկ խտրական է, քանզի իրենից ներկայացնում է հետևություն, որ կնոջ կողմից բացասական պատասխան հնչելու դեպքում նախընտրությունը տրվելու է այն կնոջը ով չունի ընտանիք կամ դեռևս չի մայրացել կամ ֆինանսապես ապահոված է իր երեխային մանկապարտեզից հետո կամ ընդհանրապես դայակով ապահովելուն կամ ունի օգնող հարազատ անձ կամ էլ ծայրահեղ դեպում կինը պետք է ստիպված լինի խաբել գործատուին և նշի, որ պատրաստ է ամենօրյա արտաժամյա աշխատանքի:

Այս խնդիրը բավական խորն է վերլուծելիս, որովհետև նախ խտրականություն է ստեղծվում կանանց խմբերի միջև և առավել խոցելի են դառնում այն կանայք ովքեր սոցիալապես ի վիճակի չեն լրացուցիչ ֆինանսներ տրամադրել երեխայի խնամքի համար կամ չունեն օգնող և ստիպված են հարմարվել մանկապարտեզների ժամային գրաֆիկին: Եվ այնուամենայնիվ գործատուների կողմից նման դիրքորոշումը խոչընդոտ է հանդիսանում սոցիալապես անապահով կամ զուտ աշխատավարձի հույսով ապրող ընտանիքների համար երկրորդ, երրորդ երեխայի ծննդի մասին ժամանակին մտածելու:

Ժամային գրաֆիկի խնդիրն ակտուալ է նաև այսօր: Վերջերս, մոտ երեք ամիս առաջ «Մոբայլ Սենթր» ընկերությունը կադրերի գծով մասնագետի թափուր հաստիքի համար հայտարարություն էր տեղադրել և համապատասխան փորձառություն ունեցող անձանց հրավիրել հարցազրույցի: Հարցազրույցն անց էր կացվում Անդրանիկի 148/2 հասցեում, «Կայզեր» սուպերմարկետի երկրորդ հարկում: Իր օֆիսային տարածքով առանձնապես աչքի չընկնող ընկերության գլխավոր հարցադրումը կրկին վերաբերվում էր աշխատանքային ժամերին: Գլխավոր հաշվապահի խոսքով իրենց աշխատանքը սկսում է ժամը 10:00 և ավարտվում 19:00 և դիմորդներից ճշտում էր, արդյոք պատրաստ են վեցօրյա լրիվ աշխատանքային գրաֆիկով աշխատել: Դիմորդ կանանցից մեկն իր պատասխան հարցադրումն էր արել` տեղեկանալու, թե արդյոք հնարավոր չէ շաբաթ օրերը գոնե կեսօրյա գրաֆիկ սահմանել, քանի որ ինքը վեցօրյա լրիվ գրաֆիկով չի կարող աշխատել, իսկ գլխավոր հաշվապահը խոստացել էր այդ հարցը քննարկել և դրական պատասխանի դեպքում արձագանքել: Իսկ կին դիմորդն այդպես էլ հաջորդ հարցազրույցին չհրավիրվեց, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

Կանայք խոցելի խումբ են հանդիսանում մեր երկրում, քանի որ գործատուները միտված են աշխատակիցներին մաքսիմալ ժամերով աշխատանքի ներգրավելու և հետևաբար գերշահույթ ունենալու: Եվ այս պարագայում ընտանեկան պարտականությունների և աշխատանքի համատեղումը գրեթե անհնար են դառնում:

Կանանց դժգոհություններից մեկն էլ աշխատանքի ընդունվելուց հետո՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց ու գործառույթներին ծանոթանալուց հետո այնպիսի գործառույթների իրականացումն է, որոնք ներառված չեն աշխատանքային պայմանագրում։ Դա սուրճ պատրաստելու և անմիջական ղեկավարին և իր մոտ եկած հյուրերին հյուրասիրելու պահանջ-առաջարկն է: Անշուշտ շատ կանայք դա ընդունում են որպես պարտավորություն իրենց իրավունքները զատելով տղամարդկանց իրավունքներից, իսկ որոշներն էլ դա դիտում են որպես խտրականություն և բարձրաձայնում, որ հյուրասիրությունը պետք է լինի իրենց ցանկությամբ ու առաջարկով, այլ ոչ թե ընդգրկվի չգրված գործառույթների ու պարտականությունների շարքում։ Եվ իհարկե, վերջիններս շատ հաճախ չեն ներվում, քանի որ անկախ մասնագիտական հմտություններից բազմաթիվ ընկերություններում պահանջվում է նաև կնոջ` տղամարդուն հաճոյանալու արվեստը:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930