Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկացնելուն՝ ասելով, թե կարող են դեմ քվեարկել այնպիսի նախագծերի, որոնք հենց դա են ենթադրում։ Եվ եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում առանձնապես շատ հարթ չեն ՀՅԴ-ՔՊ հարաբերությունները, եւ ՀՅԴ-ական պատգամավորները եւս ասում էին, թե ամեն ինչ պետք է Սահմանադրությանը համապատասխան արվի, իրավական դաշտում, ոչ թե ճնշմամբ, ապա չի բացառվում, որ իրենք եւս դեմ կգնան սահմանադրական փոփոխություններ անցկացնելու նախագծին։
Ինչպես հիշում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, քանի որ այնքան էլ վստահ չէ, որ Սահմանադրությունում այժմ ամրագրված կետերով նրանց կհաջողվի հասնել ցանկացածին։ Բանն այն է, որ, ըստ Սահմանադրության, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա երկու անգամ վարչապետ չընտրվի, եւ խորհրդարանը լուծարվի։ Սակայն վարչապետն այս սցենարում վտանգավոր տարրեր էր տեսնել՝ մտածելով թե այդ ընթացքում ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ իր ձայներով անցկացնել նրան։ Ասել է թե՝ մտավախություն կա, որ ՀՀԿ-ն ու խորհրդարանական մյուս ուժերը ներպալատական հեղաշրջում կիրականացնեն։ Եվ հենց այդ պատճառով էլ օգոստոսի 17-ի իր հանրահավաքին նա խոսեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրության մասին, որից հետո հնարավոր կլինի խորհրդարանը տանել ինքնալուծարման։ Եվ ավելի հավանական տարբերակ էր, որ այն կմերժվեր խորհրդարանում, սակայն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ ու ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորների աջակցությամբ հնարավոր կլիներ նախագիծը դնել հանրաքվեի, ինչպես եւ կրկին ցանկանում է վարչապետը։
Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն կարծում, թե Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկածները դա արել են հենց վերջինիս համար։ «Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից։ Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթ ընտրությունների հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Լենա Նազարյանը։
Սակայն պարզվում է՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ծավալված դեպքերը սպառնում են տապալել բոլոր ծրագրերը, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը միայն երկու ելք կունենա, կա՛մ հրաժարական կտա, եւ երկու անգամ փորձ կարվի խորհրդարանում վարչապետ ընտրել, ապա միայն հետո գնալ խորհրդարանական ընտրությունների, կա՛մ էլ վախենալով այդ սցենարից եւ այն մտքից, որ կարող են իրեն փոխարինել, Փաշինյանը դատապարտված կլինի մնալ եւ աշխատել հենց այդ Ազգային ժողովի հետ՝ արդեն մինչեւ հերթական ընտրություններ։ Եվ չպետք է մոռանալ նաեւ մի երրորդ սցենարի մասին, որ Փաշինյանին վարչապետ ընտրելուց մեկ տարի հետո արդեն խորհրդարանական ուժերը կարող են նրան անվստահություն հայտնել եւ իրենք էլ ընտրել նոր վարչապետ։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում