ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը նախօրեին այցելել է Երեւանի քրեակատարողական հիմնարկներից մեկում պահվող Թուրքիայի անչափահաս քաղաքացի Ումութ Ալիին, որն երկու ամիս առաջ ձերբակալվել է սահմանը ապօրինի խախտելու համար:
Արագած Ախոյանը Aravot.am-ին պատմեց, որ կալանավորված երիտասարդին այցելել է Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի խնդրանքով. «Ես պատասխանեցի, որ եթե անչափահասի արարքում որեւէ պետական վտանգ չկա, կփորձենք հասկանալ՝ ինչն է խնդիրը ու կօգնենք: Լուրեր էին տարածվել, որ այստեղ տղային բանտում նեղացրել էին, հանդիպեցի, խոսեցի: Տղան շատ ուրախ էր, ասաց, որ իրեն շատ լավ են վերաբերում, ինքս տեսա, թե ինչ հոգատարություն էին նրա նկատմամբ ցուցաբերում: Հորդորեցի սափրվի, նույնիսկ ասացի՝ կգան մազերը կկտրեն: Կարծում եմ՝ նա շուտով կվերադառնա տուն, որովհետեւ նրան այստեղ պահելու իմաստ չկա: Ոչխարներ արածացնելիս է եղել ու երբ ոչխարներն անցել են այս կողմ, գնացել է նրանց հետեւից՝ վերադարձնելու ու հայտնվել սահմանախախտի կարգավիճակում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արտահանձնելուց առաջ նրանից պետք է հաղորդում վերցնել առ այն,որ նրա իրավունքները ՀՀ-ում չեն խախտվել,որպեսզի Թուրքական իշխանությունների կողմից հակահայկական քարոզչություն չիրականացվի՝իհարկե ադրբեջանցիների դրդմամբ…