Այսօր առավոտից Կիլիկիա ավտոկայանից Ջրվեժ թաղամասը սպասարկող թիվ 5 ավտոբուսային երթուղու վարորդները գործադուլ են անում: Բանն այն է, որ Էջմիածին- Երեւան գծի միկրոավտոբուսի վարորդները խախտել են օրենքով նախատեսված կարգը եւ ավտոկայանում երթուղին վերջացնելու փոխարեն, ուղեւորներին տեղափոխում են մինչեւ բժշկական ինստիտուտ եւ Աբովյան պուրակ, ինչն էլ ֆինանսական խնդիրներ է պատճառում թիվ 5 ավտոբուսի վարորդներին: Առաջին երթը առավոտյան անելուց հետո վարորդները նկատել են, որ իրենց ավտոբուս գրեթե ուղեւոր չի նստում: Հենց առաջին երթից էլ վնասներն ակնհայտ են դարձել: Էջմիածնի միկրոավտոբուսը նրանցից մեծ քանակությամբ ուղեւորներ է «խլում»: Սա հարուցել է վարորդների դժգոհությունը, որոնց հասած տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի երթուղագծի վարորդների միջոցով, այսպես ասած՝ ընտրակաշառք են բաժանում, մասնավորապես՝ ուսանողներին, որոնց բուհերը հիմնականում Երիտասարդական մետրոյի կայարանի հարեւանությամբ են: Ուղեւորներին, ուսանողներին ավտոկայանում իջեցնելու փոխարեն հասցնում են մինչեւ Կենտրոն:
Հիշեցնենք, որ մոտ ապագայում Էջմիածնում նույնպես քաղաքապետի ընտրություններ են սպասվում եւ վարորդների խոսքով՝ թեկնածուներից մեկը այդ միջոցով իր օգտին ձայներ է փորձում ապահովել:
Aravot.am-ի հարցին, թե փոփոխություն տեղի է՞ ունեցել նախատեսված կարգում եւ արդյոք միջմարզային տրանսպորտը կարող է հասնել Կենտրոն, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցին կպատասխանեն ավելի ուշ: Երեւան-Էջմիածին երթուղագծի տնօրինության պատասխանն էլ կներկայացնենք առաջիկայում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Բազմաթիվ լրատվամիջոցներ, նաեւ Առավոտ-ը բազմիցս գրել են, որ Երեւան-Էջմիածին գիծը Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանին է պատկանում: Նա ՀՀԿ-ական է: Հիմա ում է լավություն անում ՀՀԿ-ականը???? Սա էլ պարզեք: