Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքաշինության ներկայիս ճգնաժամը և դրանով պայմանավորված իրողությունները բնագավառում տարիներով արմատացած կոռուպցիոն դրսևորումների հետևանք են

Սեպտեմբեր 19,2018 11:56

«Եթե կառավարությունը չկարողանա ստեղծել նոր ուժ  և դառնա վատ արատների կազմաքանդող, ինչպիսիք պետք է վերացվեն, ապա վերակառուցման և նորի ստեղծման գործում վերջինս կդառնա անպետք»:  ՆԻՑՇԵ

 

Բաց նամակ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ պարոն Ա.Էլոյանին

Հարգելի պարոն Էլոյան

Հայաստանի քաղաքաշինության բնագավառում արձանագրվող բացասական երևույթներն ու փաստերը, իրենց խորքային պատճառաբանությամբ և ներքին օրինաչափություններով, հանգեցնում են մեկ եզրակացության՝ Հայաստանի քաղաքաշինության ներկայիս ճգնաժամը և դրանով պայմանավորված իրողությունները բնագավառում տարիներով արմատացած կոռուպցիոն դրսևորումների հետևանք են:

Դրանցից թերևս ամենակարևորը տարածական պլանավորման ասպարեզում արձանագրված իրողություններն են, որոնք լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, պարտադրում համարժեք միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

 Դրա ապացույցներից մեկը բաց ընթացակարգի հանձնաժողովի 2017 թվականի թիվ 2 որոշմամբ հաստատված և հրապարակված «ՀՀ Տավուշի մարզի «Տավուշ-1», «Տավուշ-2», «Տավուշ-3», «Տավուշ-4», «Տավուշ-5», «Տավուշ 6» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակում» մրցույթի անցկացման անօրինականության փաստն է:

Պատվիրատուն և պատասխանատուն հանդիսանում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն, ներկայիս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Սույն մրցութային հրավերը, գնման առարկայի (մատուցվող ծառայության) թեմատիկ առանձնահատկության և դրա հետ կապված, գնման գործընթացի օրենսդրությամբ սահմանված նորմերի ապահովման առումներով իրավաչափ չի եղել, այն չի ապահովել գնման գործընթացի մրցակցային՝ ոչ խտրական հիմունքներով կազմակերպման, մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման, գործընթացին մասնակցելու իրավահավասարության սկզբունքները, ունեցել է իրավական, մասնագիտական նորմերի ակնհայտ խախտումներ և հակասություններ:

Առաջին և հիմնավոր պատճառաբանությունն այն է, որ լիցենզավորման մասին ՀՀ օրենսդրությամբ Հայաստանում տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը լիցենզավորման ենթակա գործունեության չէ:

Այստեղից էլ սկսվում է մրցութային հրավերում տեղ գտած հակասությունների և անհեթեթությունների շարքը՝ «կեղծիքը միայն կեղծիք է ծնում» հայտնի դիալեկտիկայի օրինաչափությամբ:

Եվ այսպես, չնայած տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումն օրենսդրությամբ լիցենզավորում չի պահանջում, այդուհանդերձ Հրավերի ընթացակարգով մասնակցից միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար պահանջվել է ներկայացնելու մասնագիտական փորձառությունը հիմնավորող, մեջբերում՝ «Սույն հրավերով նախատեսված աշխատանքների կատարման համար պահանջվող հետևյալ լիցենզիաները.

«Քաղաքաշինության բնագավառում «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների:

Չլիցենզավորվող գործունեության համար լիցենզիա պահանջելու փաստն ինքնին կեղծիք է՝ անհեթեթություն:

Հաջորդող կեղծիքն այն է, որ վկայակոչվող լիցենզիան ոչ մի կապ և առնչություն չունի տարածական պլանավորման փաստաթղթերի հետ և վերաբերում է բացառապես բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, ինչպես նաև՝ ինժեներական ենթակառուցվածքների և դրանց մասերի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակմանը:

Այժմ անդրադառնանք մասնագիտական փորձառությունը վերաբերող հաջորդ պահանջին, համաձայն որի՝ մասնակիցը պարտավոր է ներկայացնել հայտարարություն առ այն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Ընդ որում սահմանում է, մեջբերում՝

«Նմանատիպ են համարվում պահանջվող լիցենզիայի (ներդիրների) շրջանակներում տարածական պլանավորման (մարզերի տարածքային հատակագծման նախագծեր, համայնքների գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր) նախագծային փաստաթղթերի մշակման նախկինում կատարված պայմանագրերը»:

Սա արդեն «կեղծիքը սահման չի ճանաչում» շարքից է, քանի որ տարածական պլանավորման հետ առնչություն չունեցող լիցենզիայի շրջանակներում իրականացված պայմանագրերը որևէ կերպ չեն կարող գնահատվել օրինական: Փաստորեն հերթական անօրինականությունը «հիմնավորելու» համար վկայակոչվում է նախկինում կատարած նույնատիպ անօրինականությունը՝ այն ներկայացնելով որպես բնականոն և շարունակական գործընթաց:

Պարզաբանելու համար, թե որտեղից է այս ամենի սկիզբը՝ ներկայացնենք համառոտ նախապատմություն:

Երրորդ Հանրապետության օրոք որդեգրած ապապետականացման գործընթացը ներառեց նաև պետական մասնագիտացված նախագծային կազմակերպությունները, որոնցից շատերը լուծարվեցին, իսկ մյուսները վերակազմավորվեցին բաժնետիրական և այլ ընկերությունների:

Նշված կազմակերպություններից թեմատիկ հետաքրքրություն են ներկայացնում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացրած ընդամենը չորս կազմակերպություններ, որոնց անունները հիշատակելը սկզբունքային առումով դեռևս էական չէ:

Սկսած 90-ական թվականներից, պետական պատվերի շրջանակներում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (ներառյալ հանրապետության բնակավայրերի և համայնքների գլխավոր հատակագծերի) մշակմանը ներգրավվեցին միայն այդ կազմակերպությունները: Եվ դա այն պարզ պատճառով, որ քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից մրցութային պայմաններում ի սկզբանէ դրվեց «նախկինում կատարած նմանատիպ աշխատանքների» հանրահայտ պայմանը:

Արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման իրավասությունն ուղղակի իմաստով մենաշնորհվեց «ընտրյալ» կազմակերպություններին, որոնք այդ արտոնությունները հնազանդ կատարողի միամիտ կեցվածքով շարունակում են պահպանել առ այսօր՝ փաստացի չունենալով այդ ոլորտում գործունեության իրականացման համապատասխան որակավորում՝ լիցենզիա:

Ինչ վերաբերում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փորձաքննությանը, օրենսդրությամբ դրանք նույնպես լիցենզավորման ենթակա գործունեություն չեն և իրականացվել են նշված մենաշնորհային կազմակերպությունների կողմից՝ «դու ինձ – ես քեզ» փոխադարձության սկզբունքով, նույնպես առանց համապատասխան իրավասության:

Այդպիսով սկիզբ դրվեց անօրինականությամբ ուղղորդված և կոռուպցիոն նպատակներ հետապնդող մի գործընթացի, որի «գաղափարական» մեկնակետը քաղաքաշինությունը (տարածքային պլանավորումը) որպես առանձին մասնագիտական ճյուղ, «քողարկելն» էր և այդ փաստաթղթերի մշակումը լիցենզավորումից հանելը՝ այն որակելով որպես մասնագիտական գիտելիքներ չպահանջող, պետության և հասարակության շահերին, երկրի և քաղաքացիների անվտանգության խնդիրներին առնչություն չունեցող ոչ կարևոր գործունեության տեսակ: Նպատակը պարզ է՝ ոչ կարևոր գործունեությանը, իհարկե, կարելի է վերաբերվել համարժեք՝ այն դարձնելով զուտ պայմանական և ոչ՝ անհրաժեշտ (օրինակներ՝ ինչքան ուզեք):

Սա աննախադեպ քայլ էր, բացառիկ իր նենգավորությամբ և ցինիզմով, պետական մակարդակով կազմակերպած և տարիներ շարունակ հետևողականորեն կառավարվող և շատ վտանգավոր գործընթաց, սեփական պետականության դեմ կատարած ոտնաձգություն՝ ինչին մինչև այսօր արժանի գնահատական չի տրվել: Չի տրվել, որովհետև գործել են կոռուպցիայի «համերաշխության» ներքին կանոնները, ըստ որոնց մասնակիցների (նույնն է, թե՝շահառուների) խմբակային, անձնական շահադիտական ձգտումները ժամանակի և տարածության մեջ ձեռք են բերում նպատակային միասնության և միաբանության բնույթ:

Եվ միթե հանցավորություն չէ Հայաստանը զրկել տարածական կազմակերպման և զարգացման գաղափարախոսությունից և ձգտումներից, դրանով հանդերձ, երկրի կառավարումը՝ տարածական մտածողությունից և զարգացման համապարփակ ծրագրերից, որոնց դարձյալ փոխարինելու կգան երկրի կայուն և համաչափ զարգացման տրամաբանությունից դուրս՝ տարածքային մասնատվածությամբ, պատեհությամբ պայմանավորված և առանձին շահեր սպասարկող մանր ու «մեծ» ներդրումային ծրագրեր:

Պլանավորման փաստաթղթերի նկատմամբ ոչ համարժեք՝ «երկրորդական վերաբերմունքի» հետևողական դրսևորումներն, իրենց գործնական արդյունքներով շատ ավելի ծանր և անուղղելի հետևանքներ ունեցան հատկապես մայրաքաղաք Երևանում, որտեղ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նկատմամբ ձևավորած «հեգնական» վերաբերմունքը նպատակային օգտագործվեց դրանք անտեսելու և համատարած կարգով խախտելու «արդարացված» գործելաոճի:                                           Այդպիսով, խաղի կանոնները սահմանված էին և քաղաքաշինական, օրենսդրական նորմերի և կանոնների կոպիտ («կոպիտ»- ը մեղմ է ասված) խախտումներով ուղեկցվող կառուցապատումները և միջավայրային աղավաղումները չէին կարող արժանանալ մասնագիտական տեսչական մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության «ուշադրությանը», որը ըմբռնումով և հավատարմորեն ինտեգրվեց այդ «խաղին»՝ ընդլայնելով իր հայեցողական իշխանության անթույլատրելի սահմանները:

Հարգելի պարոն Էլոյան.                                                      

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իր կենսագրության ընթացքում բազմիցս ենթարկվել է անվանափոխությունների: Սակայն փաստ է, որ այդ անվանափոխությունները և հայտարարված կառուցվածքային «բարեփոխումներն» ըստ էության ոչինչ դեպի դրականը չեն փոխել՝ կրել են զուտ ձևական, իմիտացիոն բնույթ, որովհետև չեն փոխվել որոշիչները՝ մտածողությունն ու վարքաբանությունը:

Վերջին անվանափոխությամբ «ստեղծված» Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, որի ղեկավարումը վստահվել է Ձեզ, այսօր կանգնած է նույն վտանգի առջև:                Ավելի ճիշտ, ոչ թե Կոմիտեն, այլև ի դեմս Կոմիտեի՝ Հայաստանի քաղաքաշինությունը:

Մենք հասել ենք այն սահմանագծին, որ պարտավոր ենք կանգ առնել, այլապես իրավիճակը շտկելու ժամանակ չի լինի: Իսկ այսպես շարունակել, նշանակում է ինտեգրվել գործող արատավոր գործընթացներին, դեմ գնալ Նոր Կառավարության կողմից հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական օրակարգին:

Թույլ տվեք վստահություն հայտնել, որ Դուք, որպես բնագավառի պատասխանատու, կցուցաբերեք անհրաժեշտ քաղաքական կամք և վճռականություն՝ բնագավառում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար, քանզի կոռուպցիայի համակարգային բնույթն ինքնին համարժեք բարեփոխումներ է պահանջում:                                Հարկավոր է անել ամեն ինչ Հայաստանի քաղաքաշինությունը այս խայտառակ ճգնաժամից դուրս բերելու համար և այն վերադարձնելու ակտիվ հասարակական և քաղաքական կյանք:

Հայաստանի զարգացման և հզորացման ներկայիս ձգտումները դա են պահանջում:

 

 

Հարգանքով՝
ճարտարապետ Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930