Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ցույց է տալիս, որ այս ընտրություններն իրոք աննախադեպ են լինելու։ Աննախադեպ խնդրահարույց՝ մի քանի առումներով։
«Արտահերթ ռեժիմով» մայրաքաղաքին պարտադրված սույն միջոցառման հիմնական առանձնահատկություններից մեկը հասարակության աննախադեպ բեւեռացումն է, մի բան, որ հատուկ չէ տեղական ընտրություններին։
Եվ ամենաարտառոցն այն է, որ նախընտրական իրավիճակն ամեն կերպ սրում է՝ երեւանցիներին սեւերի եւ սպիտակների, յուրայինների եւ օտարների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանում է ոչ թե ընդդիմությունը, ինչը դեռ կարելի էր հասկանալ (թեեւ ընդդիմություն ասածն այս դեպքում խիստ հարաբերական է), այլ իշխող խմբավորումը, ի դեմս «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի եւ նրա մեջքին սարի պես կանգնած ամենակարող վարչապետի։
Սա ոչ միայն արտառոց է, այլեւ վտանգավոր՝ նկատի ունենալով սահմանադրությամբ վարչապետին տրված սուպերվարչապետական լիազորությունները, որոնց դեմ ընդդիմադիր Փաշինյանը կատաղորեն կռիվ էր տալիս՝ նոնսենս համարելով, որ ուժային կառույցները ենթարկվում են անմիջապես կառավարության ղեկավարին։
Հիմա դա նրան ամենեւին չի անհանգստացնում, հակառակը, դուր է գալիս այն աստիճան, որ մի բան էլ անցնում է իրավասությունների սահմանը. բացեիբաց, բոլորին ի ցույց, հենց հարթակից հրահանգներ է իջեցնում ուժայիններին՝ ում նկատմամբ, երբ եւ ինչպես, ինչ պատժիչ գործողություններ իրականացնել։ Որ հետո ասի՝ ժողովրդի կամքը ինձ համար օրենք է։
Այս ընտրությունների մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ գործնականում անսահմանափակ իշխանություն ունեցող վարչապետը բացահայտ չարաշահում է պաշտոնական դիրքը՝ ցուցադրաբար քարոզելով իր իսկ «նշանակած» քաղաքապետացուի օգտին։ Անգամ չի փորձում պատրանք ստեղծել, թե հարգում է ժողովրդավարության տարրական նորմերը՝ գոնե առերեւույթ հավատարիմ է բոլոր քաղաքական ուժերի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու խոստումներին։
Եվ ստացվում է այնպես, որ «իմքայլական» թեկնածուն մղվել է երկրորդ պլան՝ կարելի է ասել, եղած-չեղած՝ մի հաշիվ է, ու քարոզարշավի ծանրությունն իր ուսերին է վերցրել անձամբ վարչապետը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Նման բան, համաձայնեք, ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ դեռ չի գրանցվել։ Տարիներ շարունակ ընդդիմադիրները, վիճարկելով խորհրդարանական ընտրությունների օրինականությունը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանում, դժգոհել են վարչական ռեսուրսի չարաշահումներից՝ սլաքներն ուղղելով նախ եւ առաջ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ. նրա համար, որ իշխող կուսակցության օգտին քարոզելով՝ ուղղորդել են քաղաքացիների ընտրությունը։ Մի դեպքում դա Սերժ Սարգսյանն էր, մյուս դեպքում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, որոնք, այո, առանցքային դերակատարություն են ունեցել ՀՀԿ-ի հաջողությունն ապահովելու հարցում։
Բայց այս դեպքում խոսքը համապետական ընտրությունների մասին է, եւ անհասկանալի կլիներ, եթե կուսակցության նախագահը կամ առաջին փոխնախագահը դիտորդի կեցվածք ընդունեին եւ օրենքով սահմանված կարգով չմասնակցեին ընտրական գործընթացին, ինչ է թե՝ ընդդիմադիրներին դա դուր չի գալիս։
Հիմա, երբ գործ ունենք ընդամենը տեղական ընտրությունների հետ, իշխանության առաջին դեմքը, իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է «Կարգին Հայկոյին» քաղաքապետ դարձնելու վրա եւ «հարյուրի վրա» մանիպուլյացիայի է ենթարկում հետհեղափոխական էյֆորիայից դուրս չեկած քաղաքացիներին՝ ներկայացնելով դա որպես «կոռուպցիայի դեմ պայքարը» հաղթական ավարտին հասցնելու, «Մարտի 1»-ի ոճրագործներին պատժելու ուղիղ ճանապարհ։
Եվ ոչինչ՝ մրցակից ուժերը, առանձին բացառությունները չհաշված, տագնապի ահազանգ չեն հնչեցնում, չեն աղաղակում վարչական ռեսուրսի «խայտառակ չարաշահումների» մասին, չեն ասում՝ ընտրություններն էս գլխից կեղծված են։ Եթե խոսում էլ են այդ մասին, ապա՝ կիսաձայն, վախվորած՝ որ հանկարծ «աղան» չզայրանա եւ իրենց էլ չմտցնի «հակահեղափոխականների» սեւ ցուցակի մեջ։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում