Սիրո եւ համերաշխության լոզունգներով իշխանության եկած քաղաքական թիմի օրոք կազմակերպվող քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն այլեւս դադարել է մնալ նույն տրամաբանության մեջ: Դեմքով ասֆալտին փռելուց, պատերին տալուց մինչեւ «սեւերի ու սպիտակների» տարանջատում․ ահա հենց այս տրամաբանությամբ եւ սրանից բխող լարված մթնոլորտում են, ցավոք, շարունակվում գերժողովրդավարության ճանապարհն ընտրած երկրի առաջին ընտրությունները: Նախընտրական ծրագրերը` որպես ժողովրդի վստահությունը շահելու եւ այդպիսով ձայներ հավաքելու միջոց, մղվել են երկրորդ պլան` տեղը զիջելով փոխադարձ մեղադրանքներին:
Բոլոր ժամանակներում ժողովրդական իրապես մեծ առաջնորդի դերն այն է, որ չմասնատի ժողովրդի միասնությունը, չթշնամացնի միմյանց դեմ, այլ համախմբի մեկ գաղափարի եւ մեկ նպատակի շուրջ: Ամիսներ առաջ հեղափոխության սկիզբը դրվեց հենց համաժողովրդական միասնության շնորհիվ, եւ պետք է անպայմանորեն նշենք, որ հեղափոխության շարունակությունն ու ավարտը միմիայն հնարավոր կլինեն նույն միասնականության շնորհիվ:
Փաստ է, որ նոր իշխանությունների համար քաղաքային ընտրություններն այլեւս ունեն քաղաքական բացառիկ նշանակություն: Այս անգամ, սակայն, ժողովրդի միասնությանը ձգտող իշխանությունը գնաց նույն միասնականությունը պառակտելու ճանապարհով: Նախկին իշխանությունների ժամանակ բարձր օղակներում գտնվող պաշտոնյաների ակտիվացումը նույնացվեց կուսակցությունների հետ` պետական ամենաբարձր մակարդակով` այդպիսով գրեթե կանխորոշելով քաղաքապետի ընտրությունների ելքը:
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում