Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Ադամյան. «Ելույթ ունեցավ ու ասաց՝ ձեզ վրա ուշադրություն դարձնող չկա, կառավարությունը ձեր խոսքը չի լսում ու չի էլ լսի». «Փաստ»

Սեպտեմբեր 19,2018 10:47

Օրերս ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել է Ամուլսարի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներին նվիրված կլոր սեղան–քննարկում, որը, սակայն, ուղեկցվել է որոշակի տհաճ զարգացումներով: Բնապահպան Սիլվա Ադամյանը ևս ներկա է եղել կլոր սեղան–քննարկմանը: Ու մինչ վերոնշյալ զարգացումներին անդրադառնալը, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ քննարկմանը մասնակցել են գիտնականներ, լուրջ փորձագետներ, որոնք մինչ այս ուսումնասիրություններ են արել հանքի շրջակայքում:

«Նրանք այդ ուսումնասիրությունները ոչ նախկին կառավարության «շրջանակներում» են արել, ոչ էլ «Լիդիան»-ի խնդիրները «լուծելու» համար: Այդ ուսումնասիրություններն արել են անկախ մարդիկ, ովքեր փորձել են հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ կարող են ծագել Ամուլսարի հանքավայրը շահագործելուց հետո: Նրանք լուրջ գիտնականներ են, փորձագետներ, ովքեր իրենց փորձագիտական նախաձեռնությունների մեջ նշել են, որ իրենք մտավախություն ունեն խորքային ջրերի հետ կապված: Իրենք անընդհատ պնդել են, որ շրջապատում ջրերի անալիզի հետ կապված խնդիր կա, բայց «Լիդիան»–ը, միլիոնավոր դոլարներ ծախսելով, այդ անալիզները չի արել: Այդ անալիզները պետք է ցույց տային, թե հանքի գործունեությունն ինչքանով կազդի Ջերմուկի ջրային համակարգի վրա: Անվանական էլ կարող եմ ասել գիտնականների անունները՝ Սեյրան Մինասյան, Շահեն Խաչատրյան: Խնդիրը հասավ նրան, որ ԵՊՀ–ի երկրաբանության ֆակուլտետն ավելի լուրջ ուսումնասիրություններ արեց հանքի շրջակայքում ու այլ խնդիրներ հայտնաբերեց, որոնց մասին «Լիդիանն» ուղղակի լռում էր»,–ասաց Սիլվա Ադամյանը:

«Շահեն Խաչատրյանը, Սեյրան Մինասյանը բազմաթիվ նամակներ են ուղարկել նախորդ կառավարությանը, փորձել համագործակցել նաև ներկայիս կառավարության հետ: Բայց տեսնում ենք՝ գիտնականների տեսլականն այդքան էլ լուրջ չի ընդունվում կառավարության կողմից: Գիտնականները հիմնավորում են, փաստարկները կան, բայց նրանց ասում են, թե հիմնավորում չկա, և այդ հիմնավորումներով չենք կարող «Լիդիանին» արգելել աշխատել: Հիմնավորումները կան, բայց պարոն Փաշինյանն ուզում է դրսից մասնագետների հրավիրել»,–ասաց նա՝ ընդգծելով, որ գիտնականները պահանջում են փորձաքննություն, որտեղ իրենց մասնակցությունն էլ կլինի: Նրա խոսքով՝ իրենք 99 տոկոսով համոզված են, որ լուրջ խնդիրներ կպարզվեն:Շարունակելով՝ Սիլվա Ադամյանը հայտնեց, որ քննարկմանը եղել է մի անձ, ով վիրավորել է գիտնականներին ու փորձագետներին: Սիլվա Ադամյանը նշեց, որ այդ անձը չի ներկայացել, թե ով է, իսկ հետո պարզվել է, որ նա ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ է՝ Գևորգ Թորոսյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայրն է:

«Մասնագետները, երկրաբանները սկսեցին խոսել հանքի շահագործման անթույլատրելիության մասին: Երբ մենք՝ հասարակական գործիչներս, ասացինք, որ որպես ՀՀ քաղաքացի անթույլատրելի ենք համարում, նա հարձակվեց բոլորիս վրա: Շուռ եկավ ու ինձ ասաց, թե՝ դու թռչնաբան ես, ձա՛յնդ կտրի: Բնապահպաններից մեկին էլ ասաց՝ դու մասնագետ չես, դու ամեն տեղ «չէ» ես ասում: Դա էլ բավական չէր, ելույթ ունեցավ ու ասաց՝ ձեզ վրա ուշադրություն դարձնող չկա, կառավարությունը ձեր խոսքը չի լսում ու չի էլ լսի»,–պատմեց Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ քննարկմանը ներկա է եղել նաև փոխվաչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, ով արձագանքել է Գևորգ Թորոսյանին:

«Տիգրան Ավինյանի օգնականն ասաց՝ դուք ի՞նչ իրավունք ունեք կառավարության անունից խոսել: Օգնականը հայտարարեց, որ կառավարությունը փորձագետների կամ հասարակական գործիչների մասին այդպիսի տեսակետ չունի: Դրանից հետո Գևորգ Թորոսյանն ուզում էր դուրս գալ, ես մոտեցա, խնդրեցի ներկայանալ: Ասաց՝ ձեր ի՞նչ գործն է, ո՞վ եք, ինչո՞ւ պետք է ներկայանամ: Ես ուզում էի հասկանալ՝ ո՞վ էր, ինչո՞ւ էր եկել, և ո՞րն էր իր նպատակը, որովհետև այնպիսի տպավորություն էր, թե նա հատուկ էր եկել, կամ ինչ–որ մեկն էր ուղարկել: Ես չգիտեի, որ նախարարի հայրն է, երբ իմացա, խիստ զարմացա: Այդ մարդը, փաստորեն, չարաշահելով իր դիրքը, խոսում է կառավարության անունից: Նման հայտարարություն է անում՝ վարկաբեկելով գիտնականներին, հասարակական գործիչներին ու դա ներկայացնում որպես կառավարության տեսակետ: Եթե կառավարության ներկայացուցիչն այնտեղ չլիներ, մենք փաստացի կհավատայինք, որ կառավարությունը երկրաբանների և հասարակական գործիչների նկատմամբ նման մոտեցում ունի»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ անկախ փոխվարչապետի օգնականի հայտարարությունից, քննարկումից հետո Գևորգ Թորոսյանը նույն մարտավարությունն է որդեգրել:

«Իր էջում կիսվել է մի ֆեյք էջի տեսանյութով, որի տակ կրկին վիրավորական ձևակերպումներ կային (տեքստը՝ լուսանկարում–խմբ.): Փաստորեն, պարոն Ավինյանի օգնականի խոսքը բացարձակ իր վրա չէր ազդել: Հիմա ԵՊՀ երկրաբանները, մասնագետները նամակ են պատրաստել և ուղղել կառավարությանը: Հուսով են, որ կառավարությունն, ի դեմս պարոն Փաշինյանի, հասարակական գործիչների, գիտնականների հասցեին հնչեցված այդ վիրավորանքների վերաբերյալ ադեկվատ պատասխան կտա»,–նշեց Ս. Ադամյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930