Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդության մեջ նշել էինք, որ այսօր Հայաստանում շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք գրավի դիմաց ազատ են արձակվում». «Ժամանակ»

Սեպտեմբեր 19,2018 10:42

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետն այսօր վերադարձել է աշխատանքի և իրականացնում է քաղաքապետի իր լիազորությունները։ Այս մասին ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց ։

Համբարձումյանի պաշտպանից նաև հետաքրքրվեցինք՝ գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության ի՞նչ նոր հիմքեր էին ներկայացրել, որ դատարանը բավարարել է որոշումը, քանի որ ժամանակ առաջ ներկայացված գրավի միջնորդությունը մերժվել էր նույն դատարանի կողմից. «Մենք միայն ավելացրել էինք բժշկական փաստաթղթեր, բայց հին փաստաթղթեր՝ 2017 թվականի, և միջնորդության մեջ նշել էինք, որ այսօր Հայաստանում շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք գրավի դիմաց ազատ են արձակվում, և արդեն որոշակի դատական պրակտիկա է ձևավորվել։ Սրանք էին էական լրացումները»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ օրինակ էին բերել Սամվել Բաբայանի, Յուրի Խաչատուրովի, Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի դեպքերը, երբ նրանք շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվելով հանդերձ՝ գրավի դիմաց ազատ են արձակվել։

Տիգրան Աթանեսյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանը և այս գործով իր մյուս 14 պաշտպանյալները շարունակում են իրենց մեղավոր չճանաչել, ու եթե քննիչը մի քիչ ողջամիտ լինի, ապա այս գործը պետք է կարճի ու առհասարակ դատարան չուղարկի. «Իմ 14 պաշտպանյալների դեմ ոչինչ չունեն, ոչ մի ապացույց։ Մի հատ օպերատիվ հաղորդագրություն և վերջ, իսկ տեսագրություններում իմ պաշտպանյալներից ոչ ոք չկա։ Այս պահին կարելի է ասել, որ գործը բացահայտված չէ, և տպավորություն է, որ վերջին 4 ամիսներին ոչ մի բան էլ չի արվում»,- նկատեց փաստաբան Աթանեսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930