Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցային գրառումներից մի՛ ճնշվեք

Սեպտեմբեր 19,2018 10:00

Ժամանակ առ ժամանակ նյութեր եմ կարդում այն մասին, որ լրատվամիջոցները դժգոհ են ներկա իշխանություններից, բողոքում են ճնշումներից եւ այլն: Չգիտեմ, գուցե գործընկերներիցս ոմանք նման բաներ պնդելու հիմքեր ունեն: Բայց քանի որ «բողոքողների» թվում երբեմն հիշատակվում է իմ կամ «Առավոտի» անունը, ուզում եմ եւս մեկ անգամ պարզաբանել: 24 տարվա ընթացքում ես երբեք դժգոհություն չեմ հայտնել այս խնդիրների հետ կապված՝ նախ այն պատճառով, որ տառապյալի, զոհի, հետապնդվողի կերպարն ինձ համար խորապես խորթ է:

Երկրորդ՝ ես «տառապելու» լուրջ պատճառներ չեմ ունեցել: Թերեւս կարելի է նշել երկու դեպք, երբ առնչվել եմ խոսքի ազատության կոպիտ ոտնահարմանը, եւ երկուսն էլ կապված են ներկայումս «մեծ դեմոկրատ» եւ «բռնապետության դեմ պայքարող անխոնջ մարտիկ» Ռոբերտ Քոչարյանի հետ: Առաջինն այն է, երբ նա 2002 թվականի ապրիլին եթերից զրկեց «Ա1+»-ը, իսկ երկրորդը՝ երբ 2008-ի մարտի 2-ին իր հրամանագրով հատուկ դրություն հայտարարվեց, որի շրջանակներում լրատվամիջոցները ներքին կյանքի վերաբերյալ պետք է հրապարակեին միայն պաշտոնական տեսակետը: Թե՛ այն ժամանակ, թե՛ դրանից առաջ, թե՛ դրանից հետո եւ թե՛ հիմա խորին հարգանք ունենալով պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր տեսակետների հանդեպ՝ մենք չէինք կարող եւ չենք հրապարակել միայն մեկ կողմի կարծիքը՝ դա հակասում է մեր սկզբունքներին: Այդ հրամանագրի պատճառով 20 օր լույս չեն տեսել հիմնական թերթերը: Եթե խնդիրը վերաբերեր միայն ինձ, դարձյալ դրա մասին չէի գրի, որովհետեւ սովորություն ունեմ ջնջելու տհաճ անձնական հիշողությունների «ֆայլը» ու այլեւս դրանց չանդրադառնալու, բայց խոսքը Քոչարյանի, իմ կարծիքով, սխալ, ոչ միայն բազմաթիվ լրատվամիջոցներին, այլեւ պետությանը վնասող որոշումների մասին է: (Ի դեպ, հայտնի գործի շրջանակներում թերեւս արժե պարզել, թե որքանով էին օրինական երկրորդ նախագահի հրամանագրերը եւ հատկապես լրատվամիջոցների վերաբերյալ դրա կետերը):

Այս պահին նույնպես ճնշումներից բողոքելու որեւէ հիմք չունեմ, չնայած ընդհանուր առմամբ վիճակը իդեալական չէ. վերցնենք թեկուզ «Yerevan Today» կայքի հետ կապված միջադեպը: Հուսանք, որ դա դրվագ էր, որն այս կամ այն կերպ կհաղթահարվի:

Բայց բողոքները, որքան հասկանում եմ, ոչ այնքան ճնշումներից են, որքան համացանցային գրառումներից, որոնք մեծ մասամբ անշնորհք են, զուտ հուզական են, անգրագետ են, միակողմանի են եւ որեւէ տրամաբանությունից հեռու: Ասել, որ կառավարությունն այստեղ ոչ մի կապ չունի, այնքան էլ արդար չի լինի: Օրինակ՝ երբ վարչապետը սպառնում է ինչ-որ մարդկանց «պատերով տալ», դա բարձրացնում է հասարակական ագրեսիայի մակարդակը: Սակայն, ընդհանուր առմամբ, գռեհկությունն ու միակողմանիությունը արտացոլում են հասարակության տրամադրությունները՝ բուռն ատելությունը Քոչարյանի, Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նկատմամբ եւ նույնքան բուռն սերը ներկայիս իշխանությունների հանդեպ: Այստեղ որեւէ ուղղորդված ճնշում չկա: Թերեւս լրատվամիջոցների առաքելությունն է ոչ թե «կերակրել» ատելությունը, ոչ թե շոյել մարկանց ականջը «սուր արտահայտություններով», այլ հանդարտեցնել կրքերը, փորձել այդ էներգիան բերել բանական, կառուցողական դաշտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Yerevan Today-ի. խուզարկությունից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թերեւս օգտակար կը լինի յիշելը թէ նաեւ առաջին նախագահը ամբողջ թերթ մը լրիւ փակեց, նրա գրասենեակները կղպանքի տակ դրաւ, սարքերը գրաւեց – այսինքին՝ այդ ամէնը, «պետական» միջոցներով եւ մահանաներով -:

    Սակայն այս պարագային բաղդատականները ոչ միայն ի զօրու չեն, այլ հակառակ իմաստը ունին: Քանզի Yerevan Todayի պատահածը տեղի ունեցաւ վարչակարգի մը ներքոյ որ իբրեւ թէ ուղղակի հակապատկերն էր հանդիսանալու անցեալի տխռահռչակ նտակուտող վարչակարգերին:

    Առաւել, նոյնիսկ եթէ ուզենք բարիացակամ ըլլալ «յեղափոխական» կառավարութեան մը նկատմամն որ մաքրագործումներ կատարելու բնական իրաւունքը ունի, ոստիկանական գործողութեան հիմունքները սարսափելի կերպով թեթեւ են, թեթևսոլիկ եւ, նոյնիսկ անգոյ կը թուին ըլլալ – բացի եթէ նոր ձայնագրութեան մը ծնորհիւ պիտի գիտնանք թէ հիմա արդեօք ի՞նչ էին մտածում ոստիկանական ուժերի բարձրագոյն ղեկավարները… – :

    Վերջապէս, տեղի ունեցաւ նաեւ ոստիկանական գործողութիւն՝ աւանդական արժէքներ պաշտպանող խմբակի մը դէմ: Այդ մասին շատ քիչ լուր կայ, եւ ոչ մէկ չէզոք քննադատութիւն: Սա արդէն աւելի մտահոգիչ է:

    Երկու դրուագների պարագային ել, երեւակայենք ինչ կը լինէր հակազդեցութիւնը եթէ նախկին վարչակարգի օրոք նոյն բաները տեղի ունենար: Եւ թիրախները լինէին այլախոհութեան ձայն տուող թերթ մը, եւ ազատական իրաւունքների պաշտպան կազմակերպութիւն մը: Առաջին հերթին, հենց այդ բնոյթի թերթերն ու կազմակերպութիւններն է որ պէտք է երեկ բողոքի ձայն բարձրացնէին, փոխանակ մնային լուր, եւ հաւանաբար նոյնիսկ գոհ ու գոհունակ:

    «Ժողովուրդի» օրհնութեամբ, անոր կոյր պաշտամունքին արժանացող բռնատէր մը անհամեմատօրէն շատ աւելի վտանգաւոր է, քան թէ ժողովուրդի կողմէ ատուած նոյն տիպի իշխանաւոր մը:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. «օրենքով սահմանված կարգը» պէտք է որ լինի լուրջ հիմունքներով, առարկայակա՛նօրէն հաստատ տուեալներով հիմնաւորուած

      ոչ թէ՝ ենթակայական, կամայական մօտեցումով

      այս տեսակի ծանր գործողութիւնների պարագային, նորմալ աշխարհում, դատարանները յատկապէս անօրէն կը նկատեն «fishing expedition»ները… հըլէ մէյ մը ցանցը լայնօրէն նետենք, յետոյ կը տեսնենք թէ ինչ կը բռնենք կամ չենք բռներ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930