Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքուն մոտեցնում է պատերազմի սահմանագիծը

Սեպտեմբեր 19,2018 12:00

Ադրբեջանական զինավարժանքների սցենարում ՀՀ-ն առաջին անգամ նշվել է որպես թշնամի

Ադրբեջանը, ըստ ամենայնի, նախապատրաստվում է գրոհի ընդդեմ Հայաստանի եւ Արցախի՝ դիվանագիտական ճակատում, ցուցաբերելով նաեւ ռազմական ոլորտում ամրանալու ակտիվություն:

Անցյալ շաբաթ Ադրբեջանում էր Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ: Փորձագետները կանխատեսում էին, որ այդ այցը եւս կապված է լինելու երկու երկրների միջեւ լուրջ համագործակցության հերթական փուլի հետ: «Ադրբեջանը չի թաքցնում, որ իսրայելական արտադրանքն արդարացրել է իրեն եւ նախկինում: Ինչպես, օրինակ, 2016-ին Ադրբեջանը կիրառել է ժամանակակից իսրայելական անօդաչուներ, որոնք հայկական կողմին դժվարությունների առաջ էին կանգնեցրել»,- ասել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Նրա կարծիքով՝ Լիբերմանի այցի ժամանակ նոր որոշումներ կընդունվեն զենքի հարցով, սակայն թե դա ինչ որոշում կլինի՝ հնարավոր կլինի իմանալ միայն տարեվերջին, երբ երկիրը ՄԱԿ-ում հաշվետվություններ ներկայացնի՝ գնված եւ վաճառված ռազմական արտադրանքի մատնանշմամբ:

Սոչիում սեպտեմբերի սկզբին կայացած Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո Ալիեւն ակնհայտորեն նոր թափ է ցանկանում հաղորդել Ղարաբաղյան թեմային: Ալիեւը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը:

Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը Ալիեւն ասել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով «հակասական հայտարարություններով», եւ այդ հայտարարություններն «առնվազն զարմանք են առաջացնում»: Նա նշել է, որ Ղարաբաղի հետ բանակցություններ անցկացնելու Հայաստանի վարչապետի հնչեցրած թեզն անընդունելի է: Բացի այդ, նա ոչ նպատակահարմար է համարել հայտարարությունն առ այն, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են: Այդ առնչությամբ Ալիեւը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»: «Ալիեւն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ կարծիք է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա»,- ասվում է Գրեմինգերի հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրություններում:

Բանը հասել է նրան, որ Ալիեւը, որի ղեկավարման տարիներին միջազգային հեղինակավոր բազմաթիվ կառույցներ նրան քննադատել ու շարունակում են կոշտ քննադատել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքական հակառակորդների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների եւ հետապնդումների համար, մտահոգություն է հայտնել՝ «Հայաստանում դիկտատուրայի» վերաբերյալ: Ինչպես հաղորդել է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն Ալիեւը կոչ է արել անտարբեր չլինել Հայաստանում ընթացող քաղաքական իրավիճակի նկատմամբ` ուշադրություն հրավիրելով «մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քաղաքական հակառակորդների ձերբակալություններին եւ Հայաստանում նոր բռնապետական ռեժիմ ձեւավորելուն»:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Բաքվում հանդիպման ընթացքում նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով առարկայական եւ ինտենսիվ բանակցությունների: Մամեդյարովն ընդգծել է խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին, ապա շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռք բերման եւ տարածաշրջանում ամուր եւ արդար խաղաղության ապահովման վերաբերյալ առարկայական եւ ինտենսիվ բանակցությունների:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրվում է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Այժմ Բաքուն անվերջ կրկնում է «առարկայական» բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Փաշինյանի վարչապետության սկզբնական շրջանում Բաքվից ու Անկարայից նույնիսկ նրանից կառուցողական բանակցություններ ակնկալելու մասին հայտարարություններ էին հնչում, սակայն հիմա տոնայնությունն ակնհայտորեն փոխվում է: Տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Բաքուն շոշափում է առավելապես միջազգային հանրության տրամադրությունները Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորությունների շուրջ, ինչը, իր հերթին, նշանակում է, որ Ալիեւը Արցախի շուրջ ստեղծված մթնոլորտից դժգոհ է:

Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անցյալ շաբաթ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն արձանագրեց, որ պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում. «Ասել եմ հետեւյալը, որ ինձ իրավասու եմ համարում բանակցել ՀՀ-ի անունից, որովհետեւ ՀՀ վարչապետն եմ: Իրավասու չեմ համարում բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետեւ Արցախի Հանրապետության վարչապետը չեմ, նախագահը չեմ»: Ըստ նրա՝ Արցախն ունի պետական մարմիններ` նախագահ, վարչապետ, խորհրդարան, եւ այդ պաշտոնյաներն են, որ իրավասու են բանակցել Արցախի անունից. «Ասվածի մեջ, ըստ էության, ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններում նաեւ ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը: Ըստ էության, այսպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Եվ շատ պարզ հարց ենք դնում մենք. մենք ասում ենք՝ ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ բանակցելու ենք հարցը լուծելու համար: Եթե բանակցում ենք լուծման համար, ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումը առանց հակամարտության կողմի»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քանի դեռ չի արձանագրվել Արցախի ներկայացուցչի ներգրավումը բանակցություններում, ուրեմն չենք մոտեցել ընդհանրապես հարցի կարգավորմանը: Նրա կարծիքով՝ բանակցային մթնոլորտին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների եւ հռետորաբանության պատճառով: «Վերը ասվածի համատեքստում, ամեն դեպքում, ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս: Չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել, եւ Հայաստանը հրաժարվել է դրանից»:

Բաքվին ձեռնտու է Հայաստանում իշխանության փոփոխությունը, ԼՂ խնդրով ՀՀ վարչապետի կողմից արված մի շարք հայտարարությունները ներկայացնել որպես խառնաշփոթ ԼՂ հարցում: Ըստ ամենայնի, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ վարչապետը Արցախյան հարցում հանդես գա հայկական կողմի համար առաջնահերթությունների ներկայացմամբ ավելի հստակ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները պատեհ-անպատեհ չշահարկեն նրա այս կամ այն հայտարարությունը:

Հայաստանից եւ Ադրբեջանից հնչող հայտարարությունների ֆոնին նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն հարկ համարեց հստակություն մտցնել: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով՝ անցյալ շաբաթ նշեց Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ: «Մենք ելնում ենք այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Ինչպես հայտնի է, սա մեր ավանդական դիրքորոշումն է հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի կողմերին միջնորդական աջակցություն ցույց տալ, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար. «Բայց, իհարկե, կողմերը պետք է նաեւ համապատասխան մթնոլորտ ստեղծեն առաջընթացի համար»:

Դիվանագիտական ճակատում ճնշումն ավելացնելուն զուգահեռ Ադրբեջանը ուժի ցուցադրություն է իրականացնում նաեւ զինավարժանքների միջոցով՝ ըստ երեւույթին նպատակ ունենալով նաեւ հոգեբանական ճնշում իրականացնել հայկական կողմի նկատմամբ: Սեպտեմբերի 17-ից Ադրբեջանում հնգօրյա լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են մեկնարկել՝ տարբեր զորատեսակների ու զորամիավորումների ներգրավմամբ: Ադրբեջանական զինավարժանքների սցենարում Հայաստանն առաջին անգամ նշվել է որպես թշնամի:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, վարժանքներին նախատեսված է 20 հազար զինծառայողի մասնակցություն, ինչպես նաեւ 200 միավորից ավելի տանկ եւ այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, 10 միավոր կործանիչներ ու տասնյակ ավիացիոն միջոցներ՝ տարբեր նշանակության: Վարժանքների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշվում է՝ ադրբեջանական բանակի թշնամին Հայաստանն է: Մինչ այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օգտագործում էր «պայմանական թշնամի» եզրույթը, նաեւ նշվում էր, որ զորավարժություններն անցկացվում են պատերազմականին առավելագույնս մոտեցված պայմաններում: Մինչդեռ պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մի քանի ուղղություններով հակառակորդի պաշտպանությունը տանկերով ճեղքելու, Ղարաբաղի տարածքում Հայաստանի ռազմական խմբավորումներն ու առաջնագծի ստորաբաժանումները ջախջախելու, ինչպես նաեւ օկուպացված տարածքների ազատագրման սցենարներ՝ հրթիռահրետանային եւ ավիացիոն հարվածների օգնությամբ»,- հայտնում էր «Ազատությունը»:

Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե ամենայն հավանականությամբ Հայաստանի եւ Ղարաբաղի հստակ հիշատակումը՝ որպես հակառակորդ, կապված է Հայաստանում անցկացվող «Շանթ-2018» զորավարժությունների հետ, որոնց շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովը Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մասին որոշում էր ընդունել: Այդ թեմային անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Հայաստանի խորհրդարանի կողմից «Շանթ-2018» զորավարժությունների ընթացքում Ադրբեջանին պատերազմ հայտարարելու որոշումը եւ դրա տեղադրումը խորհրդարանի պաշտոնական կայքում եւս մեկ, ակնհայտ ցուցիչ է, որ Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է»,- նշել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Ի դեպ, անցյալ շաբաթ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին՝ Հեյդար Ալիեւ կրտսերը, զինվորական երդում է տվել: Ադրբեջանական կայքերը ողողված էին կրտսեր Հեյդարի լուսանկարներով, որոնցում նա երդում էր տալիս, զինակիցների հետ էր շփվում ու ծնողների հետ գրկախառնվում: Սակայն, ըստ այդ հաղորդագրությունների, Ադրբեջանի նախագահի որդին ծառայություն կանցնի ոչ թե ազգային բանակի զինված ուժերում, այլ պետական անվտանգության ծառայության զորքերում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 18.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930