ՀՀ կառավարության «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» 27.11.2000թ. թիվ 778 որոշման 15.1 կետի համաձայն՝ «Զինվորական (քրեակատարողական եւ փրկարար) ծառայությունից արձակվող եւ ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին եւ փրկարար ծառայողներին) չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի եւ փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Չօգտագործված արձակուրդի օրերի թիվը սահմանվում է ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող հրամանատարի (ղեկավարի) հրամանում` հիմք ընդունելով զորամասի (համապատասխան ստորաբաժանման) անձնակազմի հաշվառման ցուցանիշները»: Դատարան դիմած նախկին զինծառայողը հայտնել է, որ ինքը 1996թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. հունվարը ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ըստ նրա, ծառայելու ընթացքում իրեն 2012թ. մինչեւ 2016թ., որպես 15 տարի ծառայության ստաժ ունեցող զինծառայող, յուրաքանչյուր տարի պետք է տրամադրվեր 40 օր արձակուրդ, որի փոխարեն տրամադրվել է 30 օր:
Հայցվոր Գ.Գ.-ն 2017թ. հունվարի 13-ին զեկուցագրով դիմել է զորամասի հրամանատարին, խնդրելով միջնորդել տրամադրելու իրեն 2012-2016թթ. չտրամադրված արձակուրդային օրերի համար դրամական փոխհատուցում: Զորամասի հրամանատարի հրամանի մեջ գրված է, որ նրան պետք է վճարվի 2 արձակուրդային օրերի համար դրամական փոխհատուցում: Զորացրվելուց հետո 2017թ. փետրվարին նա դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրելով կարգադրել վճարելու, որպես 15 տարի եւ ավելի ծառայության ստաժ ունեցող զինծառայողի, չտրամադրված արձակուրդային օրերի համար դրամական փոխհատուցում:
Գլխավոր շտաբի պետի կողմից զինծառայողը ստացել է նամակ, որում գրված է, թե նրան զորամասի հրամանատարը տեղեկացրել է, որ 2015թ. եւ 2016թ. արձակուրդի չօգտագործած 20 օրվա համար վճարվելու է փետրվարին: Փետրվարին, իսկապես, հայցվոր Գ.Գ.-ին վճարվել է 2015թ. եւ 2016թ. արձակուրդի չօգտագործած 18 օրերի համար փոխհատուցման գումարը, 20 օրից ըստ էության «պակասեցվել» է 2 օրվա գումարը, որը իբր վճարվել էր համաձայն հրամանատարի հրամանի մեջ գրվածի:
Հայցվորն, ի դեպ, ծառայության ընթացքում մեկնել է գործուղումների, համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է գործուղումներից վերադառնալուց հետո, սակայն նրան դարձյալ փոխհատուցման գումար չի վճարվել՝ «զորամասի գործուղումների գումարը վերջացել է»:
Ստացվել է, որ հայցվորն իր հաշվին մեկնել է ծառայողական գործուղումների, իր ընտանիքի անդամների հետ 2005թ. հոկտեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբերը վարձով բնակվել են Սյունիքի մարզում: Սակայն տարբեր պատճառներով նա չի ստացել բնակվարձի փոխհատուցման գումարը, մի դեպքում, 2005թ. հոկտեմբերից մինչեւ 2007թ. դեկտեմբերը բնակարանի վարձակալության պայմանագիր կնքված չլինելու, 2008թ. հունվարից հունիս ամսին ներկայացված լինելու պատճառաբանությամբ: Դարձյալ դիմել է նախարարին:
Հայցվորը խնդրել էր պաշտպանության նախարարությունից բռնագանձել 1.261.200 ՀՀ դրամ, որից 384.200 ՀՀ դրամը, որպես ՊՆ զորամասում ծառայության ընթացքում 2012, 2013, 2014 թվականներին չտրամադրված 10-ական արձակուրդային օրերի փոխհատուցման գումար եւ 2017թ. հունվար ամսվա համար, որպես զինվորական ծառայությունից արձակվելու տարում 4 օր չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցման գումար, 30.000 ՀՀ դրամ, որպես զորամասում ծառայության ընթացքում գործուղումներ մեկնելու չփոխհատուցված գումար, եւ մնացյալը՝ 847.000 ՀՀ դրամը, իր, կնոջ եւ երկու երեխաների հաշվարկով բնակվարձի փոխհատուցման գումարը: Ի դեպ, դատարան ներկայացված պաշտոնական պատասխաններից մեկով, ուր հայցվոր զինծառայողը հղում էր կատարել աշխատանքային օրենսգրքի խախտումներին, ռազմական գերատեսչությունը պատասխանել էր. «…Գ. Գ.-ն հանդիսացել է զինծառայող …, ուստի վերջինիս հետ վերջնահաշվարկ կատարելու եւ չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ զինծառայողներին արձակուրդի տրամադրման եւ չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում վճարելու դրույթներ սահմանող օրենքներով»: Մինչդեռ հայցվորը նշում է կոնկրետ այն ժամանակահատվածը, թե երբ է համարվել զինծառայող, իսկ զինծառայող եղած ժամանակ էլ, երբ դիմել է, նրան չի տրամադրվել նշված փոխհատուցումը:
Ուշադրության արժանի է այն, որ գործուղումների վերաբերյալ զեկուցագրերի վրա առկա է հրամանատարի կողմից կատարված «վճարել» հանձնարարագիրը, սակայն հրամանատարի այդ կարգադրություն- հրամանը չի կատարվել եւ այդ գումարները փաստացի նրան չեն վճարել: Գործում առկա էր այն զեկուցագիրը, որի վրա առկա է «գումար չլինելու պատճառով չեք վաճարվում» մակագրությունը, ինչը ներակայացվել էր ՀՀ պաշտպանության նախարարին գրված դիմումին կից փաստաթղթերի հետ:
Պաշտպանության նախարարությունն առարկել է ներկայացված պահանջի դեմ, հայտնելով. «Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար»:
Հղում կատարելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին՝ «Զինվորական ծառայությունը զինված ուժերում եւ այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է», ՊՆ-ն հայտնել էր իր իրավական դիրքորոշումը. «Քանի որ Գ. Գ.-ն հանդիսացել է զինծառայող եւ զինվորական ծառայողների աշխատանքային -ծառայողական- հարաբերությունները կարգավորված են օրենքով, ուստի վերջինիս հետ վերջնահաշվարկ կատարելու եւ չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ զինծառայողներին արձակուրդի տրամադրման եւ չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում վճարելու դրույթներ սահմանող օրենքներով»:
Ըստ պատասխանողի, զինծառայողի նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածը, որը սահմանում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցման վճարելու՝ գործատուի պարտավորությունը. « Գ. Գ.-ի նկատմամբ այդ հոդվածը կարող էր կիրառվել միայն այն դեպքում, եթե զինծառայողների արձակման եւ չօգտագործված արձակուրդների տրամադրման վերաբերյալ հարաբերությունները կարգավորված չլինեին առանձին օրենքներով: Մինչդեռ զինծառայողին՝ զինվորական ծառայությունից արձակման դեպքում, եթե վերջինիս ծառայությունից արձակվելու եւ դրան նախորդող տարում չի օգտվել (կամ մասամբ է օգտվել) հերթական արձակուրդից, ենթակա է վճարման միայն այդ երկու տարվա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում: Հայցվորը չէր կարող փոխհատուցում ստանալ 2012-2014թթ. չօգտագործած արձակուրդի օրերի դիմաց, քանի որ օրենսդրությունը զինծառայողների համար սահմանել է միայն փոխհատուցում զինվորական ծառայությունից արձակման եւ դրան նախորդող տարիների երկու տարվա համար»:
ՊՆ ներկայացուցիչը նաեւ հայտնել էր, որ նախկին զինծառայողի համար 2017թ. արձակուրդային գրաֆիկով արձակուրդ նախատեսված չի եղել, որովհետեւ պահեստազոր արձակվելու վերաբերյալ զեկուցագիրը հայցվորը ներկայացրել է 2016թ. նոյեմբերի 24-ին, մինչդեռ պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչեւ 2016թ. դեկտեմբերի 30-ը:
Սեպտեմբերի 20-ին դատարանը կհրապարակի իր որոշումը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
18.09.2018