Ասում են՝ թատրոնի շենք ունենալու համար շա՜տ վաղուց քյավառցիները շշեր են հավաքել-հանձնել, որից ստացված գումարը պետք է ուղղվեր թատրոնի շենք ունենալուն: Իսկ 1935թ. ժողովրդական թատրոնի հիման վրա Կամո քաղաքում (ներկայիս Գավառ) հիմնվեց պետական թատրոն: Պետական թատրոնի հիմնադիրներն էին ամուսիններ, վաստակավոր արտիստներ Հրանտ Մանվելյանը, Կլարա Ավետիսյան-Մանվելյանը, անվանի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի ծնողները՝ Վաղինակ եւ Վարդուհի Դովլաթյանները, Ազարյանները, Խաչիկյանը, Աֆրիկյանը, Նաջարյանը, Բաղդասարյանը եւ ուրիշներ, նկարիչներ Սավոյանը, Ամրազյանը, Եգանյանը: Տարբեր տարիների թատրոնում բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», Մուրացանի «Ռուզան», Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Շիլլերի «Սեր եւ խարդավանք», Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» եւ այլ պիեսներ: 1959թ. թատրոնը անվանակոչվել է Լեւոն Քալանթարի անունով: Ավագ սերնդի հանդիսատեսը այսօր էլ հիշում է Մարսել Էմեի «Երրորդ գլուխ», Սուրեն Բաբայանի «Արեւն ինչ է ասում», Հիքմեթի «Բոլորից մոռացված» ներկայացումները: Հիշատակվում են գլխավոր ռեժիսոր Կ. Գեւորգյանի, նկարիչ Հ. Եղիկյանի, վաստակավոր արտիստներ Ա. Ղազազյանի, Գ. Հակոբյանի, Ա. Մուրադյանի, Բ. Մնեյանի, Բ. Առաքելյանի եւ մյուսների անունները: Խորհրդային տարիներին Գավառի թատրոնը հաճախակի էր ներկայանում երեւանցի հանդիսատեսին: Արդեն 1990-ականներին թատրոնի շենքը անմխիթար վիճակում էր, թատրոնը տեղափոխվել էր մշակույթի տուն: 2000-ականների կեսերից թատրոնի շենքը համարվում էր վթարային. քանդել էին մի մասը, հիմնականում բեմի ու նրա հարակից շրջանը, բայց հետո որոշվեց թատրոնի համար կառուցել նոր շենք:
2011թ. սկսվեց շինարարությունը: Այս ընթացքում դպրոցի շենքի մի մասը հատկացվել էր թատրոնին: Ըստ մեր տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզում չի մնացել մի վայր, որտեղ ներկայացումներով հանդես չի եկել թատրոնը: Նույնիսկ այս տարածաշրջանին հատուկ ձմռան ցուրտ օրերին բեմադրվել են տոնածառային ներկայացումներ: Ավելի քան երեք տասնամյակ թատրոնը չէր ներկայացել Երեւանում: Միայն 2017թ. «Արմմոնո» փառատոնի շրջանակներում հանդիպեցինք թատրոնի դերասանուհի Ալվարդ Ստեփանյանին՝ Համաստեղի «Տունը» մոնոներկայացմամբ, Արմեն Սաֆարյանի ռեժիսուրայով եւ այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի ուշադրությանն արժանացավ Քալանթարի թատրոնի Օսկար Ուայլդի «Սալոմե» ներկայացումը, դիպլոմների արժանացան ռեժիսորը՝ Արմեն Սաֆարյանը եւ դերասանուհի Լաուրա Ստեփանյանը:
«Առավոտի» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը հայտնեց, որ օրերս Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին հրավիրել է մարզպետը՝ առաջիկայում թատրոնի նոր շենքի բացման արարողության օրը որոշելու համար: «Թատրոնի կոլեկտիվը 2000-ականների կեսերին դիմել է ոչ միայն մարզպետարան, այլեւ Հայաստանի կառավարությանը եւ միայն մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի օրոք սկսվեց շինարարությունը, որից հետո այն մարզպետ Կարեն Բոթոյանի ուշադրության կենտրոնում էր եւ վերջապես այսօր գործող մարզպետ Իշխան Սաղաթելյանի օրոք շենքը շահագործման է հանձնվում: Նշեմ, որ երբեւէ թատրոնը կանգ չի առել: Ես բեմադրել եմ Շիրվանզադեի «Ուներ իրավունքը», Մարկ Կամուլետիի «Սիրային իրաշփոթ», Անդրեյ Ուրեյչիկի «Զգուշացեք, կանայք են», ժամանակակից գրող Դերենիկ Մարտիրոսյանի «Կախարդված Ձյունանուշը», Գեւորգ Սարգսյանի «Մեր տան տերերը», ռեժիսոր Հերմինե Անդրիկյանը իրականացրել է Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Սամսոն Մովսիսյանն էլ՝ «Հայաստանի լեռներու սրնգահարը» ստեղծագործությունները: Բացման արարողությունից հետո թատրոնի նոր բեմում առաջինը կներկայացվի «Սալոմեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե հաստիքների առումով «հագեցա՞ծ» է թատրոնը, գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Ունենք ընդամենը 14 դերասանի հաստիք, ինչը, բնական է՝ բավարար չէ, նաեւ մեզ հարկավոր են բեմի բանվորի, հսկիչների, դերձակի, մի խոսքով՝ թատրոնին անհրաժեշտ այլ հաստիքներ նույնպես»: Հետաքրքրությանը՝ օրինակ, ունե՞ք տեղացի ուժեր, որոնք հաստիք իջեցվելու դեպքում կհամալրեն արտիստական խումբը, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե ունեն, նաեւ հավելեց, որ թատերական ինստիտուտում ուսանում են երիտասարդներ իրենց մարզից:
Հավելենք, որ Լեւոն Քալանթարի անվան թատրոնի շենքը նմանօրինակ մշակութային հաստատություններից միակն է, որ կառուցվել է նորանկախ Հայաստանում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
18.09.2018
Ձեզ սխալ տեղեկություններ են տրամադրել։ Նյութը գրելուց մի սահմանափակվեք 1 հոգու հետ խոսելով😕 Նախ` Արփիկ Ղազազյանը և Գևորգ Հակոբյանը եղել են ոչ թե վաստակավոր ,այլ ժողովրդական արտիստներ։ Թատրոնը ոչ մի անգամ չի տեղափոխվել մշակույթի տուն ` ուղղակի մշակույթի տանը ներկայացումներ են խաղացվել։ Ինչ 3 տասնամյակի մասին է խոսքը???? Քալանթարցիները ամեն տարի էլ խաղացել են ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության տարբեր քաղաքներում։ Քալանթարցիները ամեն տարի էլ մասնակցել են փառատոններին ` ոչ միայն Արտավազդին ու Մոնոյին ,այլ նաև Թատերական Լոռիին ` տարինեեեեեր շարունակ։ Ասեմ նաև ,որ Սաֆարյանը ոչ թե գեղարվեստական ղեկավար է` ինչպես ինքն է ներկայանում,այլ գլխավոր ռեժիսոր։ Խնդրում եմ հարգեք Գեղարքունիք մարզի Լևոն Քալանթար անվան դրամատիկական թատրոնի նվիրյալներին` դուք այս նյութով նուրբ ասած ձեռք եք առնում նրանց տանջալից աշխատանքը…