Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունը եւ կապիտալի փախուստը

Սեպտեմբեր 19,2018 12:30

Բաց նամակ կառավարությանը

Թավշյա հեղափոխության շարժիչ ուժը սոցիալ-տնտեսական արդարության վերականգնումն էր: Ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ հույս ունենալով տեսնելու թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում, գործազրկության կրճատում, շարունակվող արտագաղթի կասեցում: Այս ամենը դեռեւս տեղի չի ունենում, եւ դա բնական եմ համարում, քանի որ տնտեսության թափանիվը դանդաղորեն է ակտիվանում եւ դրա համար թերեւս ժամանակ է հարկավոր: Բայց մյուս կողմից, գոնե ինձ համար մտահոգիչ է դառնում, որ դեռեւս տեսանելի չեն այդ թափանիվի ակտիվացման դրական ազդակները եւ չեն նախանշվում տնտեսական աճի ծրագրային դրույթները` գոնե տեսանելի ապագայում:
Կարծում եմ, որ պետք էր ի սկզբանե հաշվարկել, որ կապիտալը շատ զգայուն կարող է լինել իրականացվող հարկային տեռորի, ինչպես նաեւ ձերբակալությունների անվերջանալի շարանով վախի մթնոլորտի տարածման նկատմամբ, ուստի այդ պայմաններում այն երկրից փախուստի մեծ ռիսկեր է պարունակում: Եվ որքանով էլ զգացմունքային կոչերով համոզենք արտաքին ներդրողներին, թե ստեղծված նոր իրավիճակում ձեզ սատարելու ենք, միեւնույն է` նրանք դեռ հապաղելու են եւ սպասելու երկրում հետագա տնտեսական զարգացումների դրական արդյունքներին, համոզվելու համար, թե այդ ուղղությամբ տեղացիներս ինչ ենք անում:

Իսկ հետագա տնտեսական հաջողությունների զարգացումները պետք է սկսենք ներսից, եւ ոչ թե հույսներս դնենք արտաքին ներդրողների վրա: Թվարկեմ մի քանի կարեւորագույն ուղղություններ, որոնք թերեւս տնտեսական քննարկումների առիթ կհանդիսանան: Չեմ զարմացնի, երբ արձանագրեմ, որ հենց մեր երկրի ներսում արդեն իսկ լուրջ ֆինանսական միջոցներ կան տնտեսությունն աշխուժացնելու համար: Տարեցտարի աճում են բանկերում ազգաբնակչության ավանդները, արտագաղթի ֆոնին մեծահարուստների կողմից իրականացվում է էլիտար բնակարանների անհեռատես շինարարություն, պարզապես իրացնելով կուտակված սեփական ավելցուկային կապիտալը: Իսկ այդ ֆինանսները պարզապես անհրաժեշտ է պետական լծակներով ակտիվացնել եւ ուղղորդել առավել կարեւոր ոլորտներ: Ժամանակն է, որ պետությունը թողարկի երկարաժամկետ պարտատոմսեր եւ երկրում առկա ազատ դրամական միջոցները ներդնի հսկայածավալ արագակրիչ տնտեսական ակտիվների ձեւավորմանը, կառուցելով մետրոյի կայարաններ, էլեկտրամոբիլների, արեւային մարտկոցների, ՏՏ ապրանքների արտադրության գործարաններ, որոնք գոնե մի քանի տարի կաշխատեն ներքին շուկայի համար եւ արտադրանքի արտահանման ներկայիս բարդությունները չենք ունենա:

Մինչդեռ, կառավարության կողմից դեռեւս չի ներկայացվում ինքնաբավ տնտեսության զարգացման հստակ ծրագիր: Ավելի շատ խոսում ենք արտահանման մասին, մոռանալով, որ ոչ պակաս կարեւոր է ներմուծվող ապրանքները` տեղական արտադրություններով փոխարինման հիմնախնդրի լուծումը: Հիմա առավել արդիական եմ համարում, «Չպետք է ներմուծել այն, ինչը հնարավոր է երկրի ներսում արտադրել» կարգախոսը: Ուրեմն ինչո՞ւ պետական լծակներով չակտիվացնել սեփական երկրում «քնած», կամ երկրից փախուստի դիմաց կապիտալը, չիրականացնել պետական երաշխավորությամբ արժեթղթավորում եւ հավաքագրված փողով կատարել ներդրումներ: Ավելին, անգամ անհրաժեշտ եմ համարում «երկրից գողացված եւ փախուստի դիմած» կապիտալի տնտեսական համաներում հայտարարել եւ Հայաստան վերադարձնել ներդրումային խոշոր ռեսուրսներ: Այլապես, դժվար է լինելու իրավական կամ քաղաքական լծակներով դրանց «հայրենադարձումը»:

Ի վերջո, չպետք է հույսներս ամբողջովին դնենք օտարերկրացի ներդրողների կամ սփյուռքահայության վրա: Նրանք դեռ կսպասեն եւ գործարարություն կծավելեն Հայաստանում միայն այն դեպքում, երբ կհամոզվեն, որ մենք, մեր իսկ ներքին ուժերով արդեն ակտիվ բիզնես ենք ծավալում հայրենիքում: Ուրեմն, ժամանակն է, որ հրաժարվենք զուտ հեղափոխական կոչերով տնտեսություն ակտիվացնելու կոչերից եւ անցնենք պետական լծակներով տնտեսական ներուժի ակտիվացման կոնկրետ գործողությունների: Այստեղ հապաղելն անթույլատրելի է, քանի որ հեղափոխական էյֆորիան կարող է արագորեն հոշոտվել սոցիալ-տնտեսական մեծ ու փոքր ձախողումներով, եւ դրանով ազգաբնակչությանը պարզապես հասցնել հիասթափության:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

18.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    զարմանալի է որ այս յօդուածը թերթի «Քաղաքական» բաժինին մէջ է

    այդպէսով, ձեւով մը, հիմնական իմաստն ու արժէքը կը կորսնցնէ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930