Այսօր Աջափնյակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը դժգոհեց, թե կարմիր գծերը չե՞ք հանելու: Հայկ Մարությանն էլ պատասխանեց՝ դուք ուզո՞ւմ եք քաղաքի խնդիրները լուծվեն, բա որ ուզում եք՝ գումար որտեղի՞ց. «Էդ գումարներով մանկապարտեզ ենք վերանորոգելու, դպրոց ենք վերանորոգելու, հասկանում եք, ամեն ինչ չի կարելի հանել, էդ գումարները օդից չեն լինելու: Մենք երեւանցիներով պիտի նստենք, միասին գցենք-բռնենք, հասկանանք ինչ ենք ուզում: Մենք կարող ենք հանրաքվե անենք, կարմիր գծերը հանենք ու հասկանանք՝ էսքան կարմիր գծերից գումար չի գալու, ուրեմն էսքան մանկապարտեզ չի վերանորոգվի, եթե բոլորն ասեն հարց չկա, եկեք սենց անենք, ուրեմն կանենք»:
Լրագրողները Հայկ Մարությանին հարցրեցին, ճիշտ է դուք հայտարարագրել եք ձեր ունեցվածքը, բայց հարց է առաջացել, քաղաքացիները պնդում են, որ դուք, բացի այն մեկ մեքենայից, որը հայտարարագրել եք, էլի մեքենա ունեք, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Մարությանը պատասխանեց. «Հայտարարագիրը իմն է, այնուհետեւ լինելու է նաեւ կնոջս հայտարարագիրը: Բաներ կան, որ իմ վրա է գրանցված, բաներ կան, որ կնոջս վրա է գրանցված, այնպես որ, ամեն ինչ դեռ կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ