«Ազգային ժողովի ընտրությունները մի քիչ շուտ սկսվեցին»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հայկ Բալանյանը՝ սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններին առաջ այս քարոզարշավին քաղաքական ուժերի միմյանց սուր քննադատելու մասին:
Բալանյանի կարծիքով՝ թեկնածու բոլոր ուժերն իրենց հաշվարկը կատարում են Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հնարավորությամբ, ինչը նշանակում է հետագայում քաղաքական դաշտում մնալու հաշվարկներով. «Եվ իմ կարծիքով՝ տեսականորեն հնարավորություն կար ԵԼՔ (Լուսավոր Հայաստան, Հանրապետություն եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ) դաշինքը պահպանվեր եւ միասնական մասնակցեին նաեւ քաղաքապետի ընտրություններին: Բայց, ըստ ամենայնի, ապագա տեսլականներն ու պատկերացումները, զբաղեցրած դիրքերը, ուժերի պատկերացումներն այնքան տարբեր էին, որ այս ընտրություններում արդեն որոշվեց՝ հետագայում պետք է գնալ առանձին: Եվ բոլոր ուժերի համար սա ոչ թե ավագանու եւ քաղաքապետի ընտրություններ են, այլեւ՝ Հայաստանի քաղաքական դաշտում մնալու, գոյատեւելու, կամ դիրքերը պահպանելու ընտրություն ընկալվեց: Իմ կարծիքով նախընտրական սրացումը դրա հետ է կապված»:
Վարչապետի Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին օր օրի ավելի կոշտ ելույթներ է ունենում, կրկին ակնարկում սեւ եւ սպիտակ ուժերի մասին, ասում՝ «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ Փաշինյանին է քննադատել, վարչապետի ելույթների դեմ նաեւ Էդմոն Մարուքյանն է կոշտ դիրքորոշում հայտնել, նկատելով՝ չի կարելի հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանել: ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ Փաշինյանի ելույթից հետո կոշտ հայտարարություններ արեց:
Չնայած, Փաշինյանը հայտարարել էր, որ այդ սեւ ուժերն ընդամենը 150-300 հոգի էին, եւ, ըստ ելույթի, ինքը հանրությանը չի բաժանում սեւերի եւ սպիտակների, այդուհանդերձ, քաղաքական ուժերը քննադատությունները հիմնում են հենց այդ խոսքերի՝ սեւ-սպիտակի վրա:
Գուցե Փաշինյանն, այնուամենայնիվ, չի՞ ներել Մարուքյանին՝ հեղափոխությունից օրեր առաջ արած իր հայտնի հայտարարության համար՝ կա 3-րդ ճանապարհ՝ «Սա տոտալ փակուղի է, ես ձեզ ասում եմ, հենց հիմա մեր հասարակությունը գտնվում է փակուղու մեջ, եւ պետք է ամեն բան անել, որ ուժ չկիրառվի, որ բռնություններ չլինեն, բայց էստեղ կա հետեւյալ հանգամանքը, որ անկոմպրոմիս, անզիջում երկու կողմերի առաջխաղացումը դա անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական ընդհարումների, հասկանում ե՞ք»։ Ինչ ազդեցություն է հիմա այս հայտարարությունը թողել:
Այս առնչությամբ Բալանյանն ասաց՝ «Ես պիտի կրկնեմ այն, ինչ ասացի սկզբում՝ սեղանի վրա դրված է ապագան, սա ոչ թե քաղաքապետի ընտրությունն է, այլ Հայաստանում իրենց դիրքը պահպանելու: Տեսականորեն այդ սրացումը կարող էր լինել ավելի ուշ, գուցե խորհրդարանական ընտրություններից առաջ կամ հետո: Այդ հակասությունները կամ տեսլականների տարբերությունները պայթեցին ավելի շուտ, քան սպասում էինք: Իսկ սեւերի ու սպիտակների բաժանումն, իմ կարծիքով, գործիք է, անջրպետի գիծ քաշելու տեխնոլոգիա է, որով ստիպում են մարդկանց կողմնորոշվել, այլընտրանքի առաջ դնելով՝ կամ ես կամ՝ նրանք: Սա փորձ է մաքսիմալ հնարավոր ձայները քաղել, եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ արդեն խորհրդարանական ընտրություններին գնալիս այն ուժերը, որոնք ՔՊ-ի հետ չեն, ջախջախված կլինեն եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ավելի հանգիստ ռեժիմով: Այդ անջրպետը՝ սեւ-սպիտակ գիծ քաշելով՝ Փաշինյանը փորձում է առավելագույնը ստանալ հասարակությունից, եւ ստիպել կողմնորոշվել չկողմնորոշվածների, կամ ստիպել այն մարդկանց, որոնք ինչ-որ համակրանք ունեն նաեւ ձեր նշած կուսակցություններին՝ «Հանրապետություն» կամ «Լուսավոր Հայաստանին» եւ այդ անջրպետը անցնել ու կողմնորոշվել հօգուտ ՔՊ-ի»:
Կարելի՞ է ասել հանրությունն ընտրելու է Փաշինյանին, ոչ թե Հայկ Մարությանին, արդյոք Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին թուլացնում է մյուս ուժերին. Այս հարցերին ի պատասխան քաղաքական մեկնաբանն ասաց. «Անկասկած, որովհետեւ մարդիկ քվեարկելու են Փաշինյանին, խարիզմատիկ ֆիգուրն ինքն է եւ ինքն է փոփոխությունների խորհրդանիշը: Մարդիկ քվեարկելով «Իմ քայլը» դաշինքին, քվեարկելու են հօգուտ Փաշինյանին: Այդ պատճառով ինքը նժարին դրել է իր հեղինակությունը, որպեսզի այս խնդիրը լուծի»:
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի հայտարարած սիրո եւ համերաշխության մթնոլորտը վերափոխվեց փոխադարձ մեղադրանքների. մեր այս հարցին Բալանյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ իրենք զգացին վտանգ»: Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ վտանգ, որտեղի՞ց, Բալանյանն այսպես պատասխանեց. «Իրենք բավականին հանգիստ էին, եւ մտածում էին, որ հեշտությամբ պետք է հաղթեն այս ընտրություններում: Բայց տեսան, որ կան գործող ուժեր, եւ դրանք տանելու են բավական ձայներ, եւ խոսքը ոչ միայն «Լույս» դաշինքի մասին է, այս իմաստով միգուցե հռետորաբանությունը, ոճը միջոց է՝ այդ վտանգի զգացումն առաջացնելու մարդկանց մոտ, որպեսզի ձայն տան»:
Երբ որոշվեց, որ ընտրություններին ԵԼՔ-ը միասնական չի գնալու, կողմերից մեկը՝ «Լույս»-ից, վստահեցնում էին՝ ԵԼՔ-ում պառակտում չկա. Մեր այս դիտարկմանն ի պատասխան Բալանյանն ասաց. «Ես կարծում եմ՝ ինչ-որ բան կա, որ չգտենք, երեւի բանակցություններն ապարդյուն են ավարտվել, դա ընկալում եմ մեսիջ՝ նորից բանակցենք, նորմալ է: Բայց երեւի ընդհանուր հայտարարի չեն եկել, փորձ է արվել միասին դաշինքով գնան, որովհետեւ ՔՊ-ի կառքին կպնելով իրենց ապագան քաղաքականության մեջ ու իշխանությունում ապահովված կլիներ, բայց ըստ ամենայնի, իրենք այդ դիրքերի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել»:
Քաղաքական մեկնաբանը կարծում է՝ ի վերջո այս պայքարի արդյունքում Երեւանի քաղաքապետարանի ավագանիում կհայտնվեն՝ «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լույս»-ը, եւ կլինի անակնկալ՝ «Երեւանի հանրությունն» էլ կհայտնվի ավագանիում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ