Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հասկանում է վարչապետի հոգեվիճակը

Սեպտեմբեր 18,2018 20:50

«Վարչապետի հոգեվիճակը հասկանում եմ։ Նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա, եւ մարդու նյարդերը կարող են տեղի տալ: Եթե քաղաքապետն էլ իրենց դաշինքից ընտրվի, նրա փոխարեն էլ կաշխատի Փաշինյանը»,- այսօր Երեւանի Աջափնյակ համայնքում, քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «պատերին տալու» երեկվա հայտարարությանը:

Նաիրա Զոհրաբյանը երեկ խոսել էր պետական համակարգից ԲՀԿ-ի եւ «Լույս»-ի դեմ պետական մակարդակով համակարգվող եւ իրականացվող արշավի մասին: Այսօր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մարդու մտքի եւ խոսքի հանդեպ տեռորը, որը ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի գործունեութան կատարելագործված գործելաոճն է, «չեն մարսելու»:

Նա տեղեկացրեց, որ փաստերի ամբողջ փաթեթը ներկայացրել է այս օրերին Երեւանում գտնվող ԵԽԽՎ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչին: Մեր իրավապահներին չի ներկայացնելու, փաստերը կան, թող զբաղվեն:

Ավելի ուշ, Աջափնյակի բակերով շրջայցից հետո կայացած հանրահավաքում Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Դուխով Երեւանի խնդիրները չեն լուծվելու: Մեր դուխն էլ է տեղը, խելքն էլ, բայց դուխի հետ իրական ծրագրեր են պետք»: Ասաց` ԲՀԿ-ն ունի ծրագրեր, ունեն նաեւ լուծման ձեւերը: Դիմելով մրցակից քաղաքական ուժերին էլ, մասնավորաբար, «Քաղաքացիական պայմանագրին», Նաիրա Զոհրաբյանը հորդորեց. «Պատերազմ մի հայտարարեք այն քաղաքական ուժին, որն ասում է`մենք ունենք ծրագիր, դրա լուծման տարբերակները եւ հնարավորությունները, քանի որ ավելի փորձառու ենք: Մի վախեցեք, որ Երեւանի իշխանությունը կարող է անցնել այլ քաղաքական ուժի. դա է ժողովրդավարության ճանապարհը: Մեր թիմում միայն ԲՀԿ-ականներ չեն լինելու, մենք չեն գալիս քաղաքային իշխանությունը կուսակցականացնելու»: Ընտրողներին էլ հորդորեց. «Չտրվեք որեւէ պրովոկացիայի, թույլ չտաք, որ ձեզ ճնշեն»:

Անդրադառնալով քաղաքային խնդիրներին էլ, ասաց, որ իր ընտրվելու պարագայում, վերանայվելու են բոլոր անօրինական որոշումները, որոնք կայացրել են տեղական չինովնիկները`զրկելով երեւանցիներին կանաչ տարածքներից: «Հասել եմ Բրյուսել, ասել եմ`մի տվեք սրանց ձեռը գումար, որ կոռուպցիայի դեմ պայքարեն: Ոնց կարա կոռուպցիոներն իր դեմ պայքարի: Խոսքը նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների մասին է: Բայց հավատացել են օձիքավոր պաշտոնայներին եւ տվել են հարյուրավոր միլիոն դոլարներ: Եթե վերեւի կանգնածը կոռուպցիոներ չի, չի կարող ներքեւի չինովնիկը գումար վերցնի եւ անօրինական որոշում կայացնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930