Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում էր եւ Աջափնյակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավից ուշացավ: Նա նախ ուղիղ եթերով՝ տեսակապի միջոցով ողջունեց Աջափնյակի բնակիչներին:
Վարչապետն ասաց, որ եղանակային բարդ պայմաններ էին ու չհասցրեց վերադառնալ: Վարչապետը պատմեց, որ Արցախում ԶՈՒ պայմանագրային մի զինվորի հետ է ծանոթացել, որը 7 երեխա ուներ. «Մոտ 3000 մետր ծովի մակերեւեույթից բարձրության վրա մարտական հերթապահություն էր իրականացնում: Նաեւ մի սպայի հետ ծանոթացա, ով 6 երեխա ուներ ու մարտական հերթապահության էր: Ես սա համարում եմ սեփական երկրի ապագայի նկատմամբ բացառիկ վստահություն, հավատ»:
Վարչապետն ասաց, որ շատ կարեւոր քննարկումներ է ունեցել՝ կապված առաջնագծում տիրող իրավիճակի հետ. «Ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել իրավիճակը: Մենք Արցախի նախագահի հետ, ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկեցինք ղարաբաղյան հացի շուրջ ստեղծված վիճակը, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք ու հստակ արձանագրեցինք, որ չկա որեւէ կասկած, որ մեր զինված ուժերը վստահորեն իրավիճակին տիրապետում են ու պատասխան են տալիս Ադրբեջանի սադրանքներին:
Սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք հրահրում ու պատերազմ ենք ուզում: Մենք պատրաստ ենք խաղաղության, պատրաստ ենք բանակցությունների, Արցախի նախագահը նույնպես պատրաստ է բանակցությունների: Մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի: Սա շատ կարեւոր արձանագրում է եւ պետք է այս արձանագրումը հստակ լինի բոլորին՝ ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս: Մեր վստահությունը հիմնված է մեր ԶՈՒ եւ ժողովրդի վստահության վրա եւ այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա, որն այսօրվա մեր իրավիճակի կարեւորագույն ռազմաքաղաքական գործոններից է»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ հանրահավաքում: Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2192771847629134/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ