Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ:
Այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ. դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ էր ունեցել անձամբ տեսնել, թե ինչպես է իրականացվում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հիմնական դպրոցի երեխաների դպրոցական սննդի ապահովման ծրագիրը:
«Այս դպրոցներ շուրջ երեք տարի առաջ կատարած իմ այցից հետո ուրախ եմ կրկին այստեղ լինել և ուրախ եմ, որ կարողացա կատարել դեռևս այն ժամանակ տված իմ խոստումը: Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հետ աշխատանքում դուք արդեն ունեք անհրաժեշտ գույք ու սարքավորումներ, որպեսզի ձեր համայնքների շուրջ 300 դպրոցականներ ապահովվեն տաք կերակրով և ունենան ուսման համար անհրաժեշտ միջոցներ», – ասաց դեսպան Միլսը՝ խոսքն ուղղելով համայնքների բնակիչներին, դպրոցների անձնակազմին և աշակերտներին:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագիրն Ամբերդ և Ծիածան համայնքներում նպատակ ունի աջակցել դպրոցներին՝ ապահովելով նոր գույք և սարքավորումներ, ինչպես նաև փոխլրացնել այլ կազմակերպությունների, այս պարագայում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:
Ծիածանի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ դպրոցական սննդի ծրագիրը մեկնարկել էր 2015թ. սեպտեմբերից և դպրոցի 300 աշակերտների կեսն այս ծրագրով ստանում էին տաք կերակուր: Ամբերդում դպրոցական սննդի ծրագիրը մեկ տարի շուտ էր մեկնարկել և սնունդ տրամադրվում էր դպրոցի 244 աշակերտներից շուրջ 120-ին: Դպրոցական սննդի ծրագիրը սոցիալական ուղղվածության ծրագիր է, որը միտված է կայուն սննդի ապահովմանը դպրոցներում, ինչը թույլ է տալիս երեխաներին առավել կենտրոնանալ ուսմանը և դասերին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն