Լրահոս
Օրվա լրահոսը

4 տարի առաջ կապիտանն ավտովթարից մահացել է, սակայն նրա դատն ընթանում է

Սեպտեմբեր 18,2018 18:07

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Պավլիկ Մանուկյանի վերաբերյալ դատավարությունը: Հանգուցյալ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ականանետային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան, 2014թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 17-ի սահմաններում, իր ենթակայությամբ գտնվող մարտկոցին ամրակցված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով զորամասի ականանետային դիվիզիոնի հրամանատարական կետից Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ տանող ճանապարհով դեպի զորամասի մշտական տեղակայման վայր երթեւեկելիս թույլ է տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ՃԵԿ 66-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ:

Նա իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ նախապես չընտրելով երթեւեկության համապատասխան անվտանգ ռեժիմ եւ ուշադիր չհետեւելով ճանապարհատրանսպորտային իրադրությանն ու հստակ չկողմնորոշվելով ճանապարհի երթեւեկելի մասի սահմանների նկատմամբ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի պատճառով մեքենան աջ կողմով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել հարակից ձորը: Դրա հետեւանքով մեքենայի թափքում նստած ավագ լեյտենանտ Հարություն Խաչատրյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս: Այդ ավտովթարի հետեւանքով Պ. Մանուկյանը մահացել է:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատաքննությունը սկսվելուց առաջ որպես մեղադրյալ ներգրավված անձի շահերի պաշտպան Գ. Հարությունյանը միջնորդել է գործի վարույթը կարճել արդարացնող հիմքով՝ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մահացած անձի նկատմամբ գործի քննության ընթացակարգ չի նախատեսում, իսկ անալոգիան քրեական դատավարությունում չի թույլատրվում, հետեւաբար գործի դատաքննությունը չպետք է շարունակվի: Մեղադրող Ս. Կիրակոսյանն առարկել է այդ միջնորդության դեմ:

2018թ. ապրիլի 18-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի նշած՝ «մահացածի իրավունքների վերականգնման անհրաժեշտության դեպքում քրեական գործի վարույթը շարունակելու՝ նրա մերձավոր ազգականի պահանջի բավարարումը եւ մասնակցությունը մահացածի իրավունքների պաշտպանության եւ մեղավորության հարցը պարզելուն ուղղված դատավարության ողջ ընթացքում» դրույթը պարտավորեցնում է շարունակել դատաքննությունը, անհրաժեշտ է դատական կարգով ապահովել գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի հաստատել անձի անմեղությունը կամ մեղավորությունը: Դատավորը որոշել է մերժել Գ. Հարությունյանի միջնորդությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող այս դատաքննությանը խանգարում է այն, որ դեպքից 4 տարի անց դժվար է վկաների գտնվելու վայրը ճշտել, նրանց դատակոչել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930