Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի վերանորոգած պատմական փողոցում այսուհետ կհնչի երգեհոն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2018 17:52

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գուտու վերածելու շրջանակներում վերանորոգված Ռուսթավելի փողոցը կարծես ավելի ու ավելի գրավիչ է դառնում։ Բանն այն է, որ փողոցի ամենաբանուկ հատվածում գտնվող «Սուրբ Նշան» եկեղեցում այսուհետ շատ հաճախ կհնչի երգեհոնային երաժշտություն՝ տարածվելով փողոցով մեկ։

Թանկարժեք այս գործիքը վերջերս իր քաղաքին նվիրեց 29 տարի շարունակ Ֆրանսիայում բնակվող գյումրեցի ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը։ Հոկտեմբերի 28-ին կլինի պաշտոնական բացումը, որին կմասնակցեն արտերկրյա երաժիշտներ, տեղի կատարողներ, Նարինե Սիմոնյանի քրոջ դուստրը՝ երգեհոնահարուհի Սաթենիկ Շահզիզյանը։

Նարինե Սիմոնյանը տարիներ առաջ՝ 2008 թվականին ելույթ ունենալով Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում ու տեսնելով երգեհոնային երաժշտությունն ունկնդրելու եկած, հրապարակում հավաքված մարդկանց մեծ բազմությունը, խոստացել էր Գյումրիին երգեհոն նվիրել։

Թե ինչո՞ւ գործիքը չնվիրեց «Յոթ Վերք» եկեղեցուն, որի երգեհոնը լավ վիճակում չէ, Նարինե Սիմոնյանն ասաց․ «Ես այստեղ եմ ծնվել, տատիկիս տունը դիմացն է, իմ մանկությունն այստեղ է անցել։ «Սուրբ Նշանին» շատ կապված եմ եղել, և հետո կարծում եմ մի երգեհոն կա «Յոթ Վերք» եկեղեցում, տեղի իմաստով այս եկեղեցում երգեհոնի տեղադրումը հրաշք է, ես հանգիստ եմ զգում այստեղ։ «Յոթ Վերքը» շատ բանուկ եկեղեցի է, և արդյոք իրենք կհանդուրժե՞ն, որ երաժշտությունը հնչի օրվա տարբեր ժամերի, ես գալիս եմ, նվագում եմ այստեղ։ Քիչ- քիչ հանդուրժելու ենք, որ երգեհոնը հնչելու է շատ հաճախ»։

Նա պատրաստվում է երգեհոնաշինական դպրոց հիմնել Գյումրիում։ «Դա շատ ծանր և գործի իմաստով բարդ ծրագիր է, բոլորս աշխատում ենք դրա վրա։ Երգեհոնային վարպետը տեսավ, շատ-շատ հավանեց Գյումրին և մեր վարպետաց քաղաքը, մեր ատաղձագործությունը, մեր պղնձագործությունը, մեր փայտագործությունը։ «Ընտանիք» կենտրոնում տեսավ, թե մեր երեխաները ինչպես են կարողանում աշխատել, շատ մեծ է հետաքրքրությունը օգտագործել արհեստների քաղաք Գյումրին, երգեհոնը շատ թանկ գործիք է, բայց իր մեջ ամենաթանկը մարդկային աշխատանքային ուժն է»,- ասում է Նարինե Սիմոնյանը։

Ըստ ճանաչված երգեհոնահարու, գյումրեցի ունկնդիրը շատ երաժշտասեր է և շատ տաղանդավոր։ «Իմ հույսն այն է, որ գործիքը պետք է դեպի իրեն ձգի և մեր տաղանդն այս բացահայտվի բազմաձայնության մեջ՝ ի պատիվ այս գործիքի գոյության»։ Նա նաև ասաց, որ 50,60,70 տարեկան մարդիկ նույնիսկ ցանկություն են հայտնել սովորելու երգեհոն նվագել, որովհետև շատ են սիրում։

«Դա ինձ համար շատ-շատ հաճելի անակնկալ էր»,- ասաց Նարինե Սիմոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930