«ՀՀ վարչապետը հասարակական, քաղաքական, լրատվական դաշտը Հայաստանում բաժանել է երկու մասի՝ սեւ ու սպիտակ, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ ու նրանք, ովքեր չեն գովերգում գործող համակարգին, նրանք արհեստական այդ սեւերի ու հակահեղափոխականների մեջ են հայտնվում: Հիմա մենք, ինձ թվում է, հայտնվել ենք այդ սեւերի ու հակահեղափոխականների մեջ», – այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հայտարարեց «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության 6-րդ վարչությունը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումները հրապարակելուց հետո կայքի այս խմբագրությունում խուզարկություն էր կատարել:
Մեր հարցին՝ ըստ ձեզ, թիրախավորում են հատկապես «Yerevan today»-ը, որովհետեւ դուք քննադատում եք իշխանություններին ու գուցե գովերգո՞ւմ Քոչարյանին, ինչի՞ համար են ձեզ թիրախավորում՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «Սկսել են մեզնից: Եթե սա ունեցավ ոչ նորմալ արդյունք, նրանք շարունակելու են հերթով գնալ: Կամ մենք կհանգստանանք, կնստենք բոլորս, կամ իրենք, կամ սաղ Հայաստանը կդառնա սպիտակ իրենց բնորոշմամբ, կամ՝ չէ: Ես չեմ ասում մենակ մեր հետեւից է, ասում եմ՝ սա առաջին ծիծեռնակներն են, ծիծեռնակը կարող է դառնալ մի հատ մեծ վիշապ»:
Մեր հարցին՝ ձեզ համար այդ խուզարկությունն անսպասելի՞ էր՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց, որ ե՛ւ սպասելի էր, ե՛ւ անսպասելի. «Սպասելի էր նրա համար, որ կար հստակ ուղղորդում, որ գնացեք նրանց մոտ, նրանք հանցագործներ են: Բայց ինձ համար անսպասելի էր, որ իրավապահ համակարգը կընկնի այդ ֆեյքերի խելքին»:
Նա ասաց, որ երբ «Հայկական ժամանակը» հայտարարեց, որ «Yerevan today»-ն է առաջին անգամ հրապարակել, դրանից հետո սկսել է ֆեյքային գրոհ իրենց դեմ. «Մոտավորապես մի քանի հարյուր ֆեյք սկսեցին…ես գրեցի, որ ձեր գրածը ապատեղեկատվություն է, Google-ը սխալ է ցույց տալիս: Գրելուց հետո՝ հա, սխալ է, բայց չենք հանի: Առավոտյան ստիպված ստատուս գրեցի՝ ամբողջ գիշերն անցավ ֆեյքերի դեմ պայքարելով, նրանք մժեղի պես շատ են, մրջյունի պես աշխույժ, հավի պես անուղեղ, բայց չէի պատկերացնի, որ այդ երրորդ մասը կարող է նաեւ վերաբերվի ոստիկանության գործելակերպին»:
Հարցին, թե ինչո՞ւ է Google-ը սխալվել հատկապես ձեր կայքի վրա՝ Հակոբյանը պատասխանեց, որ հատկապես իրենց չէ, պարզապես ում վրա ուզում են՝ այդ պահին «հաֆ-հաֆ» են անում: Նա վստահեցրեց, որ սկզբնաղբյուրը արտերկրում գործող կայք է, բայց քանի որ վարչապետը հորդորել է «փնտրեք տեղականների մեջ», ասել է՝ «սա ներքին թշնամու գործ է», իրենք փնտրում են այստեղ փնտրում են այդ «ներքին թշնամուն»:
Սեւակ Հակոբյանը նշեց, որ այս խուզարկության տրամաբանությունը չի հասկանում, ամսի 5-ին այլ կայքում դրվել է, եկել են իրենց խմբագրությունում 6 օր հետո գաղտնալսող սա՞րք են ման գալիս. «Երբ որ քննչական ծառայությունից արտահոսք եղավ Սեյրան Օհանյանի մասով հրապարակում եղավ, երբ հրապարակվեցին գեներալի ոչ ցանկալի նկարները՝ ոչ մի բան չեղավ ու հանկարծ ուղղորդվում է մեր կողմ: Այնքան դժվար է հասկանալ այս նոր ծառայությունների տրամաբանությունը, ինձ թվում է իրենք շարժվում են Վարսիկ գուշակի թելադրանքով»:
Հարցին՝ կայքի սեփականատիրոջ՝ Վարդան Հովնանյանի տունն էլ են խուզարկել, ձեզ հայտնի՞ է, իրենց տանից ի՞նչ են առգրավել՝ Հակոբյանը պատասխանեց, որ ոչինչ, միայն խուզարկությունից հետո իրենց խմբագրությունից տարել են իր եւ լրագրողների համակարգիչները, նախ տեղում են փորձել փորձաքննել, հետո որոշել են տանել. «Տարել են մեր ցանցային համակարգիչը, մոնտաժային համակարգիչը, մենք չենք կարողանում աշխատել, տարել են լրագրողներինը: Մենք արդեն գնել ենք նոր համակարգիչ, չենք սպասել, որ հետ վերադարձնեն քննչականից, հարց է, թե նրանք ինչ ձեւով կվերադարձնեն, ինչ սարքավորումներ կտեղադրեն դրանց մեջ, դա նշանակում է, որ մենք հետո պիտի աշխատենք իրենց համար, իրենք ամեն վայրկյան հետո կտեսնեն, թե մենք ինչ ենք գրում դրա մեջ»։
Հարցին՝ շարունակաբա՞ր կլինեն ձեր կարծիքով խմբագրությունների վրա այս խուզարկությունները, ստուգումները՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեր գործընկերների վրա իրենց քսի տամ, բայց ես ենթադրում եմ, որ կարող է այս աղմուկը, որ բարձրացավ, դրանից հետո չլինի, բայց նշում էին, որ «Հրապարակը» ավելի շուտ է դրել…»:
Սեւակ Հակոբյանն ասաց, որ իրեն հետաքրքիր է՝ այս ամենի արդյունքում, երբ որ իրենք հասկանան, որ ոչինչ չեն գտել, կունենա՞ն այդքան տղամարդկություն դա խոստովանելու, թե՞ իրենց անունն այսպես կարատավորեն ու ձայն չեն հանի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ