Բյուրեղավանում գործող «Առողջ սունկ» արտադրամասի շուրջ ծավալված բարդ խնդրի լուծումն արդեն տեսանելի է մոտ ապագայում:
Շուրջ 5 տարի է, ինչ պարբերաբար բարձրաձայնվում է արտադրամասից արձակվող տհաճ հոտի մասին, ինչը լուրջ անհանգստություն է պատճառում Բյուրեղավանի մի քանի վարչական շրջանների բնակիչներին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անմիջական վերահսկողությամբ՝ մարզպետարանն արդեն տևական ժամանակ գործուն միջամտություն է իրականացնում՝ լուծելու խնդիրը՝ պաշտպանելով թե՛ տնտեսվարողի և թե՛ հանրային գերակա շահը: Արդյունքում՝ համայնքի բնակիչների, տնտեսվարողի և մարզպետարանի միջև ստորագրված եռակողմ հուշագրի համաձայն՝ «Առողջ սունկ» ընկերության արտադրամասում մինչև սեպտեմբերի 20-ը կգործարկվեն լրացուցիչ ֆիլտրացիոն համակարգեր, որոնք կնվազեցնեն արձակվող տհաճ հոտի ծավալները 70-80%-ով, ինչը կբացառի բացասական հետևանքները համայնքների բնակիչների համար, իսկ մինչև 2019 թվականի մայիսի 31-ը արտադրամասի՝ արտանետումներ առաջացնող հատվածը կտեղափոխվի այլ վայր:
Գործողությունների բոլոր փուլերում մարզային իշխանությունները պատրաստակամություն են հայտնել մարզպետարանի կողմից ապահովել անհրաժեշտ աջակցությունը՝ շահագրգիռ բոլոր կողմերի համար ցանկալի արդյունքներ ունենալու համար:
Կոտայքի մարզպետարան