Ներկայումս Թուրքիայի Իգդիր նահանգում գտնվող Արարատ լեռան լանջերին հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է նաև Հայաստանի բնակավայրերից: Թուրքական լրատվամիջոցները հրդեհի մասին առաջին անգամ տեղեկացրին սեպտեմբերի 15-ին, այնուհետև՝ սեպտեմբերի 17-ի երեկոյան դարձյալ տեղ գտան հրապարակումներ ավելի մեծածավալ հրդեհի մասին:
Ըստ այդ տեղեկությունների՝ հրդեհից վնասվել է մոտ 2500 հեկտար տարածություն: Լրատվամիջոցները նշում են, որ հրդեհի պատճառը դեռևս անհայտ է:
Հրդեհի ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել Իգդիրի անտառային տնտեսության տնօրինությունը և ժանդարմերիայի ջոկատներ:
Տեղանքի անհասանելության պատճառով հրշեջ մեքենաները չեն կարողացել մոտենալ և մարել կրակը, ուստի հրդեհը մարվել է հող նետելու միջոցով:
Իգդիրի անտառային տնտեսության տնօրեն Թաներ Թազեգյունը լրագրողներին հայտնել է, որ բոլոր հնարավոր միջոցները գործի դնելով՝ նրանց հաջողվել է դեպքի վայր ժամանելուց երկու ժամ անց հրդեհը վերցնել վերահսկողության տակ և կանխել դրա հետագա տարածումը: Այլապես կարող էր վնասվել նաև 160 հեկտար տարածությամբ անտառային տարածք Մեծ Մասիսի լանջերին: