Ոստիկանության 6-րդ վարչությունը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումները հրապարակելուց հետո «Yerevan.today» կայքի խմբագրությունում խուզարկություն էր կատարել: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանին լրագրողները հարցրեցին՝ ձեր կայքն ի՞նչ կապ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նշենք, որ կայքը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, լուրեր են շրջանառվում, որ հովանավորողը, ֆինանսավորողը Քոչարյանն է ու այդ մասին ասել է նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «Ես Աշոտ Մելիքյանի վրա շատ զարմացած եմ: Բավականին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է…ինքը արդեն մեզ դրել է Ռոբերտ Քոչարյանի տրամադրության տակ ու ստացվում է, որ եթե մի բառ ասենք, պաշտպանում ենք Քոչարյանի քաղաքական նկատառումները…ուղղակի ողբում եմ ես այդ կառույցի համար, եթե նման գնահատականով է շարժվում»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի հետ առնչությանը, Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «2014 թվականից Yerevan today-ը բացվելուց ի վեր մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ, առաջինը՝ Հրանուշ Հակոբյանի հետ, քանի որ մենք սփյուռքի նախարարության հետ նույն հարկում էինք, այնուհետեւ մեզ կապել են մի հայտնի ընկերության հետ, որովհետեւ մեր լոգոների գույները նույնն էին, դրանից հետո մեր կայքը կապել են քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ իմ հորեղբայրն է, դրանից հետո կապել են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մեր եւ իր գրասենյակները գտնվում են նույն շենքում։ Մեր կապը նրա հետ այնքան է, որ գտնվում ենք նույն շենքում: Մեր կայքի սեփականատերը հանդիսանում է Վարդան Հովնանյանը, Ռոբերտ Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի»:
Արձագանքելով կայքերի մեկի հրապարակմանը, որ «Yerevan today-ը կապ ունի Քոչարյանի հետ, քանի որ վերջին շրջանում հարցազրույցները հենց այս կայքին է տալիս՝ Սեւակ Հակոբյանն ասաց, որ դա սուտ է, 2014-ից ի վեր Քոչարյանն ընդամենը 2 հարցազրույց է տվել իրենց կայքին։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ