«Այս ընտրությունների յուրահատկությունն այն է, որ առաջին անգամ Երևան քաղաքի ընտրություններին մարդիկ սպասում են ոչ թե գումարի, այլ նոր գաղափարների, թե ինչ է հնարավոր անել»,- վստահեցրեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:
Այսօր ՕԵԿ-ը քարոզարշավ անցկացրեց Քանաքեռ Զեյթուն համայնքում: ՕԵԿ-ի ներկայացուցիչները կրկին խոստացան՝ համայնքային սոցիալական բնակարանների կառուցում, վերելակների վերանորոգում, մանկապարտեզների անվճար համակարգի ստեղծում, առանց կանխավճար հիփոթեքային պայմաններով բնակարանների ձեռքբերում:
Լրագրողների հետ զրույցում Մհեր Շահգելդյանն անկեղծացավ՝ Քանաքեռ Զեյթունն իր համար հարազատ թաղամաս է, քանի որ այստեղ ունի ընկերներ, իր կնոջ բարեկամներն են այստեղ բնակվում և դրանից բացի երկար տարիներ եղել է Քանաքեռ Զեյթունի կուսակցական կառույցի ղեկավարը:
Անդրադառնալով կոնկրետ խնդիրներին՝ Մհեր Շահգելդյանն ասաց. «Դրանցից մեկը կապված է պոլիկլինիկայի չլինելու հետ, ճանապարհների բացարձակ ոչ բարվոք վիճակն է, շինարարություն, ըստ էության, չի եղել այստեղ, մինչդեռ թաղամասում շինարարությունն իր հետևից բերում է տնտեսական զարգացում»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Շանսերը բարձր ենք գնահատում: Ոչ միայն ընտրողների ակտիվությունը, այլև ընտրողների հետ հանդիպումներն են պարտավորեցնող: Շատ խնդիրներ նաև այս հանդիպումների ընթացքում են վեր հանվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ