Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան». «Yerevan today»-ի խմբագիրը բողոքում է, որ ճնշում են

Սեպտեմբեր 18,2018 16:26

«Yerevan today» կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը հայտարարություն է տարածել, որ իրենց կայքի սերվերների վրա ոստիկանության եւ ՀՔԾ-ի իրականացրած խուզարկության ընթացքում եղել է DDOS հարձակում: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսումները հրապարակելուց հետո կայքի այս խմբագրությունում խուզարկություն էին կատարել ու առգրավել կոշտ սկավառակներ, կրիչներ, համակարգիչներ: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հրավիրած ասուլիսում Սեւակ Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են իրենց իրավունքները խախտվել խուզարկության ընթացքում եւ ինչքանով իրենք իրականում կապ ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ըստ Սեւակ Հակոբյանի, խուզարկության օրդերում նշված է եղել, որ թույլտվություն կա ստուգելու ոչ միայն խմբագրության համակարգիչները, այլ տեսախցիկները, կրիչները, այսինքն, այն ամենը, որոնք կարող են դառնալ ապացույց. «Չնայած դա հերքվել է մեր կողմից, փորձագետների կողմից, բայց մեր ոստիկանության համար ֆեյքերը, գուշակ Վարսիկը ավելի մեծ բան ունի»:

Հարցին՝ ձեզ հարցումներ արեցի՞ն՝ որտեղից՞ ձեզ գաղտնալսման տեսանյութը, ոնց եք ներբեռնել՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց, որ այո, հարցրել են, թե ով է առաջինը «քաշել» տեսանյութը. «Մեր լրագրողը, որը բեռնել էր դա, հավանաբար արդեն իրեն ծանուցագիր են ուղարկել, որ ներկայանա քննչական մարմիններին»:

Թե ինչ քայլերի են պատրաստվում դիմել առաջիկայում՝ Սեւակ Հակոբյանն ասաց, որ իրենք չեն գտնելու այն, ինչի համար եկել եւ խուզարկել են, ուստի չի ուզում բացահայտել ու ասել, թե ինչ կանեն իրենք: Խմբագիրը պատմեց, որ իր մի քանի աշխատողներից գրեթե միաժամանակ ստացել է գաղտնալսման լինքը, խնդրել է ներբեռնել ու անմիջապես սղագրել. «Դա բեռնված էր հայտնի կայքում, որ ամսի 5-6-ին էր դրված, մենք էլ ենք դրանից օգտվել»:

Ինչ վերաբերում է խախտումներին, Սեւակ Հակոբյանն ասաց, որ խուզարկությունը սկսել են առանց փաստաբանի. «Սկսելուց երեւի 5 րոպե անց, երբ եկավ փաստաբանը, նրանք ներս չէին թողնում՝ ուշացել էր: Իրենք հեռախոսազանգից հետո ինչ-որ մեկի հետ խոսեցին, որից հետո թույլատրեցին փաստաբանը ներս մտներ: Քննչական հատուկ գործողություններ իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապվում էին հեռախոսով պարոն այսինչյան-այնինչյանի հետ ու ստանում այնտեղից ցուցում, թե ինչ անեն»: Հարցին՝ «պարոն այսինչյանի» անունը տալի՞ս էին՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց, որ միայն «պարոնն» էր լսում:

Ըստ Հակոբյանի, զանգերից ստացած ցուցումով են որոշել առգրավել, երկրորդ փաստաբանին նույնպես թողել են ներս մտնել՝ զանգ կատարելուց հետո. «Նրանք մեր մոտ, չգիտես ինչու, բացում, կարդում էին նյութերը, աշխատանքի ընդունման հայտարարություններ էինք տվել, բավականին ռեզյումեներ էին կուտակվել, նրանք բացում, նայում էին, թե ովքեր են: Ես համակարգչում նյութ ունեի գրած մեր ոստիկանական համակարգի եւ նրանց «փայլուն» աշխատանքի մասին, ոստիկանի դերի, հեղինակության մասին, կիսատ էի գրել, ուզում էի հրապարակել, տեսա, որ երկրորդ էջի վրա են, կարդացել, իջել էին այդտեղ: Նրանք մեր բոլոր ֆինանսական թղթերը նայել էին, դրանք որեւէ կապ չունեին գործի հետ: Նրանք ծանոթանում էին մեր կայքում տպված նյութերի բովանդակությանը, որի միակ օգուտն այն էր, որ իրենք ծանոթացան, թե երկրում ինչ է կատարվում: Իրենք ասում էին, որ ներս ու դուրս չենք կարող անել, փաստաբաններին չէին թողնում, թույլ չէին տալիս դուրս գալ, ասենք, մեր բնական կարիքները հոգալու համար, բայց իրենք դուրս ու ներս էին անում»:

Սեւակ Հակոբյանն ասաց, որ «իրենք շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան»:

Հարցին՝ ճնշում տեսնո՞ւմ եք ձեր կայքի վրա՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ ընդհանուր, որ ազատ մտքի նկատմամբ կա ճնշում, այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք չեն հանդուրժում երկրում առկա մերժելի երեւույթները, նրանք սկսել են մեզնից, դրանից առաջ վարչապետը մատ թափ տվեց լրատվամիջոցի վրա, հետո մենք ենք, սկսեց ֆեյքային գրոհը, տեղի չտվեցինք: Եթե այսքանից հետո մենք լուռ մնանք, ուրեմն լավ, լուռ չմնանք՝ կսկսեն գործերը: Սրանով հերթով կսկսեն գործերը, ես Հայաստանում նկատում եմ ազատ խոսքի վրա ճնշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930