Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավը, որի նպատակն է բարձրացնել էկոլոգիական գրագիտության աստիճանն ու խթանել մարդկանց մասնակցությունը կանաչ որոշումների կայացման գործընթացին։
Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։
«Կանաչ նախաձեռնություններ» արշավի մեկնարկն ազդարարվեց այսօր Հյուսիսային պողոտայում (ցայտաղբյուրների հարակից տարածքում) տեղակայված էկոտաղավարի բացման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը:
Մասնակիցները շրջեցին տաղավարում, ծանոթացան բնապահպանական կենցաղն ու կենսակերպը խորհրդանշող ցուցանմուշներին և պաստառներին։
«Այս տաղավարը հրաշալի միջոց է՝ ցույց տալու հանրությանը, որ ճիշտ աշխատանքի և ճիշտ մոտեցումների դեպքում բնապահպանությունն ու տնտեսական զարգացման միջև հակասությունները կարող են չլինել։ Նախարարությունն ուղղորդված աշխատանքներ է տանում տարբեր հիմնահարցերի համար կանաչ լուծումներ մշակելու և կիրառելու ուղղությամբ։ Նման լուծումները անպայմանորեն փորձարկվում են որոշակի տարածքում միայն, ապա, տարածվում ամբողջ երկրում»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
Տաղավարը բաց կլինի մեկ շաբաթ շարունակ՝ սեպտեմբերի 18-25-ը։ Այն բնապահպանական կենցաղը ներկայացնող բացօթյա հարթակ է, որտեղ կարելի է տեսնել վերաօգտագործված պլաստիկից պատրաստված կահույք, վերալիցքավորել բջջային հեռախոսն արևային վահանակից և համալրել բնապահպանական գիտելիքները։ Այցելուները կարող են նաև տեղում մասնակցել էկոլոգիական գրագիտությունը ստուգող թեստերի, հաջողության դեպքում ստանալ նվերներ։
«Այսօր մենք տաղավար ենք բացել, որը ցույց է տալիս շրջակա միջավայրի պահպանության գործում նոր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։ Կարևոր է, սակայն, որ Բնապահպանության նախարարության հետ ՄԱԶԾ-ն ոչ միայն խոսում է այդ մասին, իրազեկում քաղաքացիներին, այլև փորձարկում և գործարկում այդ մոտեցումները համատեղ ծրագրերում, որոնց արդյունքներն այսօր արդեն տեսանելի են մեր քաղաքացիներին»,- իր խոսքում նշել է Դմիտրի Մարիասինը։
Թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, մրցույթներ․ էկոտաղավարը բնապահպանական արշավ առաջին միջոցառումն է միայն, «Կանաչ նախաձեռնություններ»-ը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը։ Միջոցառումների շարքը կամփոփի Պեչակուչա երեկոյով, որի ընթացքում ներկաները կշփվեն պատկերների ու արագ խոսքի միջոցով։ Բնության, դրա պահպանման հետաքրքիր ու նորարար մոտեցումների մասին մասնակիցները կպատմեն 20 պատկերների միջոցով, իսկ դրա համար կունենան 7 րոպեից էլ քիչ ժամանակ։
Մամուլի հաղորդագրություն