Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Ավագանու ընտրությունները քաղաքականացված չեն, հիստերիկացված են»

Սեպտեմբեր 18,2018 15:51

«Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը ավագանու այս ընտրությունները ոչ թե քաղաքականացված է համարում, այլ՝ «հիստերիկացված»:

«Քաղաքականացված լինելը հիստերիկացված լինելուց խիստ տարբերվում է: Քաղաքականության գիտակները գիտեն մի բան՝ վիճում են մոտեցումների, տարբերությունների շուրջ: Ասում են՝ մենք լինելով լիբերալներ, այս հարցի լուծումն այսպես ենք տեսնում, մյուսն ասում է՝ մենք լինելով պահպանողականներ, այս հարցի լուծումը տեսնում ենք այսպես: Քաղաքական մրցակցությունը սա է, բայց երբ մարդիկ հնչեցնում են քաղաքական մեղադրանքներ տարբեր հարցերի շուրջ, դա քաղաքական հարթակի խնդիր չէ, այլ հարթություն է, որը հատուկ է չզարգացած ժողովրդավարություններին»,-իր տեսակետն այսպես բացատրեց Արարատ Զուրաբյանը:
Այսօր պարոն Զուրաբյանը «Հայացք» մամուլի ակումբում կարծիք հայտնեց նաեւ, որ հետընտրական գործընթացներ չեն լինի, քանի որ, ըստ նրա հետընտրական գործընթացները, սովորաբար, արդյունք են լինում ընտրական խախտումների, կեղծարարության:
Aravot.am-ի հարցին, թե թեկնածուների կամ նրանց սատարող ուժերի հիստերիայի պատճառը գուցե այն է, որ Բաղրամյան 26-ից այլեւս ուղղորդումներ չկան եւ ամեն մեկն ուզում է իր «ճիշտ» քաղաքական ուժ լինելն առաջ տանի՝ մտածելով, որ իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, պարոն Զուրաբյանն ի պատասխան ասաց, որ Բաղրամյան 26-ից չկա ուղղորդում ու չկա որպես քաղաքական կատեգորիա Բաղրամյան 26. «Ինչը շատ դրական եմ գնահատում, բայց, ես կարծում եմ, որ մեր քաղաքական ուժերը դեռ չեն տրանսֆորմացվել եւ չեն փոխել իրենց գործելաոճն այս ժամանակահատվածին համապատասխան: Համոզված եմ, որ այդ գործընթացը տեղի կունենա որոշակի ժամանակ կտանի, բայց՝ տեղի կունենա, որովհետեւ, հակառակ պարագայում, մենք կունենաք քաոս»:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին,Արարատ Զուրաբյանն ասաց, որ ինքն էլ ունի բարձր ձայն, բայց չի ուզում օգտագործել. «Բարձր ձայնով, նյարդային մթնոլորտի մեջ փորձել փնտրել, գտնել, մեղադրանքներ հնչեցնել, կարծում եմ ճիշտ չէ, հարցը վերաբերում է Երեւան քաղաքին, ես կոչ եմ անում բոլորին գալ Երեւան, մնալ Երեւանում եւ զբաղվել Երեւանի խնդիրներով»:

Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեցին՝ եթե բավարար քանակի ձայներ չհավաքի, որ քաղաքական ուժին կմիանա, ի պատասխան ասաց, որ հույս ունի, որ երեւանցիները կընտրեն «Երեւանցիներին», քանի որ ինքն ունի այդ ոլորտում կառավարման փորձ եւ խնդիրների լուծման բանալին նույնպես:
Aravot.am-ը նաեւ հարցրեց, թե իրատեսակա՞ն են այլ թեկնածուների՝ միանգամից մի քանի մետրոյի կայարաններ կառուցելու խոստումներն այն դեպքում, երբ մասնագետները անգամ մեկ մետրոյի կայարանի կառուցումը բավականին ծախսատար են համարում:

Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ Հայաստանում այդ ոլորտում մասնագիտական գիտելիքները հնացած են եւ ժամանակակից աշխարհն այս ոլորտի համար ունի լուծումներ:

Պարոն Զուրաբյանը գտնում է, որ մի շարք խնդիրների լուծման համար ժամանակն է, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը լինի անկախ, այլ ոչ թե մինչ օրս ինչպես եղել է՝ կառավարության կցորդը:

Բացի այդ, Երեւանի բյուջեն պետք է տասնապատկվի, քանի որ այն խնդիրները՝ վթարային բնակֆոնդ, աղբահանություն եւ այլն, ներկայիս 80 միլիարդ դրամով հնարավոր չէ լուծել: Ըստ նրա, Երեւանն ավելի շատ արդյունք է ստեղծում, քան նրան հատկացվում է ընդհանուր բյուջեից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930