Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ Թեհրանում տեղի ունեցած եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա հանդիպումը, թեպետ ի սկզբանե միտված էր սիրիական հակամարտությունը, մասնավորապես՝ Իդլիբի խնդիրը լուծելուն, ինչպես նաև՝ երեք պետությունների միջև նոր որակի հարաբերություններ հաստատելուն, իրականում կարող է կատարել «լակմուսի թղթի» ազդեցություն և վեր հանել տարածաշրջանային խաղացողների խնդիրներն ու շահերի բախումը. կարծես թե, հենց դա էլ տեղի է ունենում, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան երկկողմանի համաձայնության են եկել Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ։ Կարծում եմ՝ Սիրիայում ցանկացած համաձայնություն, որտեղ հաշվի չի առնվի իրանական շահը կամ կարծիքը, ի վերջո, եթե չասենք դատապարտված, ապա ամենայն հավանականությամբ ունի ձախողվելու բոլոր նախադրյալները, քանի որ.
1.Սիրիական ճգնաժամում և դրա հանգուցալուծմանն ուղղված գործողություններում երևի թե ամենամեծ ներկայությունը, դերակատարությունն ու հետաքրքրություններն ունեցել է և ունի Իրանը, ուստի իրանական կողմը պարզապես կարող է թույլ չտալ Սիրիայում այնպիսի իրավիճակի ստեղծում, որտեղ կողմերը կփորձեն հաշվի չնստել սեփական շահերի հետ։
2.Սիրիան այն կարմիր գիծն է, որից հետո իրանական կողմը տեսնում է անվտանգային խնդիր և սպառնալիք՝ սեփական ազգային անվտանգության նկատմամբ։
3.Եվ, վերջապես, իրանական դիվանագիտությունն իր բազմադարյա պատմությամբ, խորությամբ, իմաստնությամբ և հետևողականությամբ, պետական մտածողությամբ, ինչպես ականատես ենք պատմությունից, չի ընդունում, այսպես ասած, պատեհապաշտական և «թռնողական» դիվանագիտությունը։ Նրանք մշտապես մատնացույց են անում այն հանգամանքը, որ երբեք չեն լքել իրենց բարեկամ-դաշնակից երկրներին, երբեք այդ երկրներին կամ ժողովուրդներին չեն դարձրել քաղաքական առևտրի գործիք՝ նույնիսկ իրենց համար ամենածանր պահերին։ Թեհրանյան գագաթաժողովից և համատեղ ստորագրված փաստաթղթից հետո արդեն Մոսկվայի և Անկարայի երկկողմ խաղը Թեհրանի կողմից, ըստ երևույթին, կարող է ընկալվել որպես, այսպես ասած, դավաճանական կամ պատեհապաշտական քայլ՝ երկուսի կողմից էլ։
Եթե դիտարկենք այս տարբերակը և ընդունենք, որ Մոսկվա-Անկարա խաղը զուտ երկկողմանի է և կարող է, ի թիվս այլ հարցերի, նպատակ հետապնդել իրանական կողմին լուսանցքային վիճակում թողնելու, ապա կասկածից վեր է, որ պաշտոնական Թեհրանն ամեն կերպ փորձելու է հակազդել Ռուսաստան-Թուրքիա տանդեմին: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ հակազդող քայլերը կարող են լինել ոչ թե հրապարակային, այլ անդրկուլիսյան, որտեղ Իրանը կփորձի օգտագործել ձեռքի տակ եղած լայն գործիքակազմը՝ ընդհուպ մինչև անձնական հարաբերությունները և առանձին անձանց անվերապահ հեղինակությունը տարածաշրջանում (ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին կարող է դիտվել որպես հարմար թեկնածու), քանի որ Մերձավոր Արևելքում, ըստ էության, ուրիշ ոչ ոք իրավիճակին չի տիրապետում այնպիսի խորությամբ, ինչպես Իրանը։
Բազմիցս ականատես ենք եղել, երբ Իրանի համար անհուսալի կամ գոնե կողքից դիտողների համար անհուսալի թվացող իրավիճակներում իրանցիները կարողացել են գերճշգրիտ քայլերով տարածաշրջանում իրավիճակը սահուն փոխել հօգուտ իրենց։
Ահարոն Վարդանյան, իրանագետ