«Կրթական քաղաքականությունը Հայաստանում ենթադրում է որակյալ կրթության մատչելիություն, այսինքն՝ մի խնդիր, որը երկար տարիներ բարձրացվել է Հայաստանում: Մեր երկիրը համարվում է կրթության ոլորտում անհամաչափ զարգացող երկիր, եւ շատ կարեւոր է, որ փորձենք որակյալ կրթությունը դարձնել հասանելի»,- սեպտեմբերի 18-ին «Բլից ինֆո» ակումբում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` անդրադառնալով նոր կառավարության կրթական քաղաքականությանը:
«Հասարակության մեջ առկա անհավասարությունը, բեւեռացումը վերարտադրվում է նաեւ կրթության համակարգում: Կար մի իրավիճակ, երբ հարուստ ընտանիքների երեխաները կունենային լավ կրթություն, մինչդեռ աղքատ ընտանիքների երեխաները այդպիսի հույս չէին կարող ունենալ:
Այժմ փորձ է արվում կրթության բյուջեն գոնե պահել, որովհետեւ նախորդ կառավարության օրոք կար նախաձեռնություն` կրճատել կրթության բյուջեն, իհարկե, դա ինչ-որ իմաստով հիմնավորվում էր անարդյունավետ ծախսերով:
Կարծում եմ, որ եթե կային անարդյունավետ ծախսեր կրթության ոլորտում, ապա ոչ թե պետք է բյուջեն կրճատեին, այլ հենց այդ ծախսերը, եւ գումարն ուղղեին ավելի անհրաժեշտ տեղ: 2019-21 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նշվում է, որ կրթության բյուջեն առաջիկա տարիներին չի կրճատվելու, հետո կտեսնենք նախագիծը, հույս ունենանք, որ նաեւ կավելանա»,-ասում է կրթության փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի ձեւակերպմամբ, ԿԳ նախարարությունը ռազմավարական առումով որեւէ փաստաթուղթ դեռ չի հրապարակել. «Խոսքը վերաբերում է եւ կրթության զարգացման պետական ծրագրին, որ 2015 թ-ից անընդհատ մշակվում է եւ հետ է կանչվում, եւ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն է ընթացքի մեջ: Առկա քաղաքականության մեջ, սակայն, ինձ ամենաշատը մտահոգեց որոշումներից մեկը, որը վերաբերում էր դպրոցների ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելուն»:
Մանրամասները ` տեսանյութում:
Նա դպրոցների ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելը որակում է ժամանակակից կրթական խնդիրները լուծել հնացած մեթոդներով. «Այսինքն, եթե մենք ունենք խնդիր, որ դպրոցներում այդ քննությունները լավ չեն անցկացվում, չեմ կարծում, որ լուծումը դրա խստացումն է: 21-րդ դարում քննությունները չպետք է լինեն այն մահակը, խթանող ուժը, որը պետք է երեխային մղի սովորելու: Չպետք է քննությունով վախեցնենք երեխային, ուսուցչին, տնօրենին»:
Կրթության փորձագետը համոզված է, որ այդտեղ բազմաթիվ ռիսկեր կան. «Նախ մեծանալու են ծախսերը, որովհետեւ կենտրոնացված քննությունների կազմակերպումը ենթադրում է, որ լինելու են հսկիչներ, որոնց պետք է վճարել, հնարավոր է այդ թեստերը տպեն Անգլիայում, ինչպես ընդունելության քննությունների ժամանակ, որ արտահոսք չլինի…Մեծ ծախսեր կարող են լինել, որոնք ընդհանրապես իմաստ չունի անել: Բացի այդ, մեզ պետք չէ այնպիսի քննություն, որ ամբողջ ջանքերն ուղղում է զուտ քննությունների պատրաստմանը»:
Նրա խոսքերով, եթե ուզում ենք կրթության իրական վիճակն իմանալ, դրա համար կան տվյալներ, ինչպես ԹԻՄՍ միջազգային ստուգատեսը, ԳԹԿ գնահատումները, Կրթության պետական տեսչության ստուգումներ եւ այլն: Մյուս կողմից էլ, փորձագետը գտնում է, որ բոլորին ստուգելով չէ, որ կարելի է վիճակին տեղեկանալ:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ