Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Սարգսյան. «Կներեք էլի, ձեր կենսագրության չափ մենք հեղափոխության մասնակից ենք»

Սեպտեմբեր 18,2018 14:51

«Հայք» կուսակցության Երեւանի ավագանու  2-րդ համարի թեկնածու Հրաչյա Սարգսյանը սեպտեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին ընկալում են որպես սպիտակ ուժ, հետեւաբար  «Հայքը» սպիտակ ուժերի հետ է:

Միաժամանակ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին՝ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  լավ կլիներ, եթե վարչապետը չմասնակցեր նրա քարոզարշավին: Պարոն Սարգսյանը նաեւ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ վարկանիշ ունի, ինչը վաստակել է, սակայն լավ կլինի, որ թողնեն ժողովուրդը հանգիստ ընտրություն կատարի, քանի որ այլեւս կաշառքը բացառվում է:

«Հայաստանում, որտեղ 30-ից ավելի տոկոսն աղքատ է, որտեղի՞ց այդքան միջոցներ, որ այդքան պաստառներ են փակցնում, հազարավոր դոլարներ արժողությամբ: Մենք որոշեցինք, որ նման շռայլություն չի կարելի թույլ տալ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ պաստառների համար նախատեսված գումարը պատրաստ են ուղղել որեւէ ծնողազուրկի կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի:

Խոսելով, իր ձեւակերպմամբ, իրենց հեղափոխության տղերք հայտարարողներից, նա ասաց. «Հեղափոխությունը երեկ չէր, ապրիլ -մայիս ամիսներին  չէր, 1996 թ.-ին էլ է եղել հեղափոխություն, ձեր խոնարհ ծառան ճաղերն անցնողներից մեկն է եղել: 2003-ին  հեղափոխություն էր փաստորեն, որ 2004-ին ծեծ ու ջարդով ԱԺ շեմին մեր հայրենակիցների հետ էդպես վարվեցին, 80-ն անց լուսավոր մարդիկ կային շարժման առաջամարտիկներից, որ այդ օրը ֆիզիկական բռնության ենթարկվեցին…Հիմա կարծես այդ ամենը մոռացվում է ու հայտարարվում է` մենք հեղափոխության տղերքն ենք: Կներեք էլի, ձեր կենսագրության չափ մենք հեղափոխության մասնակից ենք»:

Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ եւ «Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու  Գևորգ Հովսեփյանն էլ «Նոյյան տապանում» խոսեց առաջիկա ընտրություններից, արժեքների հեղափոխությունից:

«Կուսակցություններն այսօր հանդես են գալիս ոչ թե ծրագրերով, այլ զուտ լոզունգներով: Իսկ նախորդ իշխանությունները չունեի՞ն այդ ծրագրերը, բայց ո՞վ էր դրանք իրականացնելու: Նրանք Երեւանը վեր էին ածել փող աշխատելու գործիքի»,-ասաց Գեւորգ Հովսեփյանը:

Նաեւ ցավով   փաստեց, որ արժեհամակարգի փոփոխություններ են եղել Հայաստանում, որոնք պետք է շտկել: Նա նույնիսկ թվարկեց, թե ովքեր են ժողովրդի թշնամիները. «Մեզ սկսեցին համոզել, որ սխալ ենք ապրում, ճիշտ են շքեղ մեքենաները, դղյակները, ամեն գնով հաճույք ստանալը»:  Գեւորգ Հովսեփյանը համոզված է, որ արմատներին վերադարձը պետք է սկսել նախ եւ առաջ մշակույթից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930