Լրահոս
Օրվա լրահոսը

Թամանյանի ծոռնուհի. «Թամանյանական նախագծից շեղումներն ահռելի են»

Սեպտեմբեր 18,2018 14:47

«Երեւանի ծայրամասերում չկան անգամ սրճարաններ եւ հանգստի վայրեր, առօրյան կազմակերպելը դժվար է՝ ի տարբերություն կենտրոնի»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի հատակագծի հեղինակ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռնուհին՝ Լուսինե Քարամյանը, որը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրվել է որպես ավագանու թեկնածու՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» ցուցակով:

Նա առաջարկում է Երեւանում հիմնել արվեստի կենտրոններ, որտեղ կարող են այցելել նաեւ անապահով ընտանիքների երեխաները:

«Երեւանյան լճի տարածքում եւ Հրազդանի կիրճում երեկոյան ժամերին վախենում ես գտնվել, մինչդեռ դրանք ժամանակին հանգստի գոտիներ են եղել: Հիմա դրանք բավականին աղտոտված են: Կարծում ենք, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Երեւանի բնակիչներին: Մեր նախընտրական ծրագրում ներառված են այդ կետերը»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե Երեւանը որքան է շեղվել թամանյանական հատակագծից եւ ինչ պետք է անել՝ այն վերականգնելու համար, Լուսինե Քարամյանը տեղեկացրեց՝ ՀՅԴ երիտթեւի նախաձեռնությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, խոսել են ճարտարապետների հետ:

«Թամանյանական նախագծից շեղումներն ահռելի են՝ ոչ միայն կենտրոնում, այլեւ դրանից դուրս: Կարծում ենք՝ Երեւանի իշխանությունը պետք է միջոցներ գտնի՝ Երեւանն այդ շեղումներից որոշ չափով վերականգնելու համար»,-համոզմունք հայտնեց անվանի ճարտարապետի ծոռնուհին: Հիշեցնենք, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն է Միքայել Մանուկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930