2016 թվականին, երբ Կոնստանտին Օրբելյանը զանգ ստացավ Հայաստանից, որով առաջարկվում էր ստանձնել Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարումը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հորիզոնում շրջադարձային փոփոխություններ են։ Երկու տարի, և ահա մաեստրո Օրբելյանի հովանու ներքո այս ուղենշային հաստատությունն իր պատմության մեջ բացել է մի նոր էջ՝ 25 տարվա ընթացքում առաջին անգամ կատարելով միջազգային շրջագայություն։
85-ամյա գործունեության ընթացքում Հայաստանի Ազգային օպերան ու նվագախումբը հսկայական դերակատարում են թողել հայկական մշակույթի պատմության մեջ։ Այս ընթացքում կյանքի են կոչվել պատմականորեն նշանակալի օպերա, բալետ, նվագախմբային, պարային և այլ ստեղծագործական ներկայացումներ, և կառույցը, որը գտնվում է մայրաքաղաքի սրտում, իրապես ծառայել և ծառայում է՝ իբրև քաղաքի կենսական հատվածի և նույնիսկ քաղաքական մշակույթի էպիկենտրոն։
Եվ չնայած այս ամենին, պետք է արձանագրել, որ վերջին 17 տարիների ընթացքում Մայր թատրոնն ընդամենը 8 նոր օպերային ներկայացում է մշակել, որոնցից 4-ն այդպես էլ մնացել են պրեմիերայի շրջանակներում՝ շարունակություն չունենալով։
Ֆինանսական խոչընդոտները, աջակցության բացակայությունը, քաղաքական իրավիճակը և այլ հանգամանքներ ազդել են Մայր թատրոնի արդյունավետ գործունեության վրա։
Սակայն մաեստրո Օրբելյանի ժամանումով այս ամենը սկսեց փոխվել։ Կարճ ժամանակահատվածում միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար ու դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին հաջողվեց նոր շունչ հաղորդել Օպերային թատրոնին։ «Ես այստեղ եմ, որպեսզի աջակցեմ ազգային այս հարստությանը»,-ասում է Օրբելյանը,-Օպերայում և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում մենք հսկայական չօգտագործված ներուժ ունենք։ Մինչև տարեվերջ մենք 6 նոր օպերայի և բալետի ներկայացումներ կունենանք, ավելի շատ, քան նախորդ 17 տարիներին»։
Այս նոր ռիթմն արդեն իսկ տվել է իր կարևոր արդյունքները, որոնցից մեկն էլ 25 տարվա ընթացքում Օպերային թատրոնի առաջին միջազգային հյուրախաղերի մեկնարկն է։
Վարպետորեն կյանքի կոչելով Բիզեի «Կարմենն» ու Մոցարտի «Կախարդական սրինգը»՝ Մայր թատրոնը կարողացավ ըստ արժանվույն ներկայացնել երկու հրաշալի ներկայացումները Դուբայի օպերային թատրոնի հանդիսատեսին, որն առաջին անգամ իր երկրում ականատես եղավ նման ներկայացումների։ Երկու հարյուր կատարողներ, ամբողջական նվագախումբ, օպերային երգչախումբ, մանկական երգչախումբ, դիրիժոր ու ռեժիսորներ, հանդերձանքի թիմ, տեխնիկական անձնակազմ, այս բոլորը Երևանից ուղևորվել էին Դուբայ։
Սեպտեմբերին Օպերային թատրոնը կշարունակի միջազգային հյուրախաղերը Քուվեյթում՝ հանդես գալով Շեյխ Ջաբեր ալ-Համադի անվան մշակութային համալիրի Քուվեյթի նորակառույց օպերային թատրոնում։ Ի դեպ, մշակութային այս կենտրոնն ու Քուվեյթի օպերային թատրոնը ամենախոշորն են Միջին Արևելքում։
«Այս երկու երկրներում մեր ներկայացումների հրավերները Երևանի օպերային թատրոնի արտիստիզմի վառ վկայությունն են, որոնք ընդգծում են նաև մեր երկրների միջև առկա կապերն ու մեր ընդհանուր տեսլականը մշակութային հանրության զարգացման կարևորության վերաբերյալ»,-ասում է Կոնստանտին Օրբելյանը։
Ինչևէ, այս բոլոր հաջողությունների կողքին Մայր թատրոնի շենքը, որը քաղաքի խորհրդանիշներից է, վերանորոգման լուրջ կարիք ունի ներսում։
Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի զարգացող օպերային թատրոն՝ Սիդնեյից Մոսկվա, Միլանից Նյու Յորք։ Դրանցից յուրաքանչյուրը զարգանում է մեծամասամբ բիզնես ղեկավարների թիմի և աջակիցների շնորհիվ, որոնք գնահատում են զարգացող մշակութային հանրության նշանակությունը ժամանակակից հասարակության համար, ինչը, ցավոք, Հայաստանում դեռևս բացակայում է։
Սակայն օպերային արվեստի և Օպերային թատրոնի զարգացման վերաբերյալ Օրբելյանի տեսլականը վարակիչ է և գրավում է բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս ստեղծագործ հսկայի հետ։ Օրբելյանն ունի ծրագրեր ամեն ինչի համար՝ սկսած «Անուշի» թարմացված ներկայացումից, մինչև արխիվային գրադարանի զարգացում՝ պահպանելու հայկական կատարողական հարուստ արվեստի պատմությունը։
Սակայն պարզ է, որ Օրբելյանը չի կարող միայնակ և անորոշ ժամանակով կրել Օպերայի ընթացքի ողջ ծանր բեռը։ Հազվադեպ են ի հայտ գալիս նման կատարյալ պահեր, երբ պատմական նշանակություն ունեցող ազգային մշակութային կառույցը կանգնում է խոշոր փոփոխությունների և հնարավորությունների շեմին՝ ստանձնելով լուրջ դերակատարում։ Այսօր Հայաստանի օպերային թատրոնն այդ իրավիճակում է։
Արաբական Միացյալ Էմիրություններում ու Քուվեյթում միջազգային հաջողված ներկայացումների վարագույրները շուտով կփակվեն, իսկ թե ինչ կլինի հետո, առայժմ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի, պատմությունը սպասում է մարդկանց, որոնք պատրաստ են քաջալերել մարդկային տաղանդն ու զարգացնել ֆիզիկական տարածությունը՝ ապահովելով, որպեսզի Հայաստանը քարտեզի վրա ամրապնդվի աշխարհի խոշորագույն արվեստի կենտրոնների կողքին։
Նատալի Թեփերդջյան
Ես լավ չհասկացա, քուվեյթներում ու դուբայներում պիտի մեր օպերային թատրոնը ամրապնդվի՞։
Սա ինչ է, Բուրկինա ֆասո տարեք օպերան, հետո գրեք որ թատրոնի հյուրախաղերի աշխարհագրությունը մեծանում է․․․․ Երևանում պրեմիերա եղել է, ինչպես է ընդունվել։նկարներից դատելով՝ խայտառակություն, կարճ վիդեո կար ինտերնետում՝ առավել ևս խայտառակություն, տպավորություն է որ երևանի օպերան խայտաբղետ հագուստների տակ ցանկանում է ոչպչոֆեսիոնալիզմը թաքցնել։ Հիշում եմ, կային ժամանակներ, որ Երևանում օպերա էին երգում համերգային դահլիճում, գումար չկար դեկորացիաների և բեմական հագուստի համար, բայց երգում էին և այն էլ ինչպես․․․․․