«Արդարություն և օրենք». «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսպիսի կարգախոսով այժմ քարոզարշավ է անցկացնում Արաբկիր վարչական շրջանում:
Արաբկիրցիները տեսնելով Զարուհի Փոստանջյանին՝ գոչում են՝ «Հաջողություն ենք մաղթում»:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը մտահոգություն հայտնեց. «Հենց մեր թողտվությամբ ենք թույլ տվել, որ ապօրինի ռեժիմի ներկայացուցիչները ստանձնեն Երևանի կառավարումը, չմտածեն երևանցիների խնդիրների մասին, երևանցուն անգամ ընդունելության չարժանացնեն»:
Սոնա Աղեկյանը հայտարարեց՝ եթե երևանցիներն ուզում են, որ Երևանը լինի քաղաք, որտեղ մեր երեխաներն ապահով ու բարեկեցիկ ապրեն, պարտավոր ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել և սեպտեմբերի 23-ին ընտրել քաղաքապետի անբասիր հետագծով և մաքուր ձեռքերով քաղաքապետի միակ արժանի թեկնածուին՝ Զարուհի Փոստանջյանին: Նաև հավելեց. «Պետք չէ ասել՝ դե լավ, կգա, կսովորի, Երևանը փորձադաշտ չէ: Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է»:
Քարոզարշավի ընթացքում արաբկիրցիները մոտենում էին Զարուհի Փոստանջյանին, իրենց խնդիրների մասին պատմում՝ սկսած ոռոգման համակարգից, մինչև այն, որ նորակառույց շենքերն իրենց բնակարանների արևը կտրում են:
Այս ընթացքում մի տղամարդ կողքից անընդհատ ակնարկում էր. «Այս աղջիկը տասը տարի պայքարում է հանուն արդարության. ապրես, Զարուհի ջան»:
Արաբկիրի բակերից մեկում էլ Զարուհի Փոստանջյանը մտերմիկ զրույց ունեցավ մի խումբ տղամարդկանց հետ: Մի պապիկի հարցրեց՝ բարև հայրիկ, ո՞նց ես: Նա էլ բարևեց ու հարցրեց՝ ինչո՞ւ ես եկել: Փոստանջյանը պատասխանեց՝ եկել եմ ծառայելու: Պապիկը՝ ի՞նչ ես ծառայելու, Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց՝ եկել եմ որպես քաղաքապետ ծառայել ձեզ: Պապիկն էլ եզրափակեց՝ քեզ հարցեր կտամ, երբ ընտրվես:
Քայլելով բակից բակ Սոնա Աղեկյանը տարբեր ուղերձներ էր հղում արաբկիրցիներին կուսակցության անունից: Նա հայտարարեց. «Ինչքան էլ արենայում ճղճղան, շոուներ սարքեն որոշ մարդկանց թիկունքում, միևնույն է, երևանցին պահանջելու է պատասխանատվություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ