«Առաջնային խնդիրն աղբահանությունն է: Մտնում ես շենքի բակ՝ գարշահոտություն է ամենուրեք՝ աղբամանները լիքը…այդ աստիճան սուր է այսօր աղբահանության հարցը եւ հարվածում է զբոսաշրջությանը, որը Երեւանի եկամտի աղբյուրներից է»,-«Մամուլի ազգային ակումբ»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Հիշեցնենք նաեւ, որ աղբահանության առնչությամբ դաշինքն առաջարկում է «Սանիթեք»-ի «մենիշխանությունը» փոխարինել մի քանի օպերատորի գործունեությամբ, տեսակավորել աղբը, ստեղծել աղբի վերամշակման գործարան:
«Աղբահանությունը միայն մեկ օպերատորի վրա թողնելը սխալ է: Աղբավայրի որակից շատ բան է կախված: Թափոնները երկրորդային հումք են, որոնք մեզանում շատ քիչ են օգտագործվում, մինչդեռ որոշ երկրներում հինգ տարբեր աղբամաններ են դրված, որպեսզի մարդիկ աղբը տեսակավորեն: Դա եկամտի աղբյուր է համայնքի համար եւ նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը: Աղբը նաեւ էներգիայի աղբյուր է, հումուս…այս ամենը կյանքի ենք կոչելու: Գաղափար ունենք նաեւ աղբը ջերմային մշակման ենթարկել, այդ ուղղությամբ տեխնոլոգիաներ ենք քննարկում»,-նշեց Արտակ Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է Երեւանի ճարտարապետական տեսքի վերականգնմանը, նա նշեց, որ դա բավականին ծախսատար ծրագիր է. «Մտադիր ենք մտավորականներին ներգրավել այդ խնդրի լուծման գործում»:
Արտակ Զեյնալյանը նաեւ նշեց, որ իրենք մտադիր են հանրաքվեն օգտագործել Երեւանի կառավարման ժամանակ՝ որպես ժողովրդավարության գործիք:
«Օգտագործելու ենք նաեւ հարցումները, որպեսզի ժողովրդի կարծիքն էլ լսենք: Որոշ որոշումներ օպերատիվ կերպով կկայացվեն՝ ելնելով հասարակական շահից: Դա նորմալ է եւ կառավարման մեջ ընդունված ձեւ է»,-եզրափակեց «Լույս»-ի քաղաքապետի թեկնածուն:
https://www.youtube.com/watch?v=WvBJg8VuTOY
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ