«Դրանք ասեկոսեներ են, քանի դեռ չեն հաստատվել փաստերով: Ոստիկանությունն աշխատում է այդ ուղղությամբ»,-«Մամուլի ազգային ակումբ»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջին օրերին ընտրակաշառքների մասին ահազանգերին, ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ներկայումս կազմակերպված ընտրակեղծիքների մթնոլորտ չկա, ինչպես նախորդ իշխանությունների օրոք կայացած ընտրությունների ժամանակ էր. «Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները կգնահատի ԿԸՀ-ն»:
Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ այս ընտրություններն աննախադեպ են. «Այսքան մեծ մրցակցություն շատ վաղուց է եղել: Դա նշանակում է, որ կուսակցությունները հույս եւ հնարավորություն են տեսնում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե Զեյնալյանն ապագայում, երբ նոր կառավարություն ձեւավորվի, արդյոք վերանշանակվելո՞ւ է արդարադատության նախարար, նա չպատասխանեց, փոխարենն ասաց. «Մեր հարաբերությունները գործող կառավարության ղեկավարության հետ բարիդրացիական են. ես ընտրվելու եմ Երեւանի քաղաքապետ»:
https://www.youtube.com/watch?v=WvBJg8VuTOY
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ