Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա. «168 ժամ»

Սեպտեմբեր 18,2018 12:58

Սոցցանցերի որոշ օգտատերեր պնդում են, որ այս տարվա առաջին ամիսների կտրվածքով Հայաստանում գրանցվել է ներգաղթ՝ ավելի շատ մարդ եկել է Հայաստան, քան գնացել։ Ժամանողների և մեկնողների դրական հաշվեկշիռը վերջին տարիներին աննախադեպ երևույթ է, և այս լուրն ակտիվ տարածողները, ուղղակի կամ անուղղակի կերպով, դա պայմանավորում են Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությամբ։ Ընդդիմախոսներն ասում են, որ դրական հաշվեկշռի միտումը սկսվել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք, և պետք չէ այն կապել քաղաքական իրողությունների հետ։ Ոմանք էլ ասում են, որ նման բան չկա՝ արտագաղթը շարունակվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում։

Որքան էլ ներգաղթի մասին տեղեկությունները հաճելի են, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 50.8 հազարով ավելի շատ է եղել, քան ՀՀ մուտք գործածներինը (մուտքեր՝ 788 249, ելքեր՝ 839 045)։

Ընդ որում, եթե անգամ այս վիճակագրությունը հրապարակված չլիներ, այլ տվյալներ համադրելով՝ կարելի էր հասկանալ, որ ներգաղթ չի եղել։ Բանն այն է, որ առաջին կիսամյակում ունենք բնական հավելաճ՝ մոտ 3000 մարդ (ծնվածների թիվը գերազանցել է մահացածների թվին), ու միևնույն ժամանակ՝ ՀՀ մշտական բնակչության թվի նվազում։ Հասկանալի է, որ դա միգրացիայի արդյունք է։

Ավելին ասենք, համադրելով այս տարվա առաջին եռամսյակի և առաջին կիսամյակի տվյալները մենք հաշվարկել ենք նաև միայն երկրորդ եռամսյակի շարժը (ապրիլ-հունիս ժամանակահատվածի համար)։ Պատկերն այսպիսին է՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստան մուտք են գործել 400 772 ՀՀ քաղաքացիներ, Հայաստանից դուրս են եկել 448 873 քաղաքացիներ։ Այսինքն՝ միայն երկրորդ եռամսյակում ունենք 48.1 հազար բացասական հաշվեկշիռ:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930