Որքան մեծանում է խուճապը, այնքան ընդլայնվում է հեղափոխության թշնամիների շրջանակը։ Այսպես. եթե ընդամենը մի քանի օր առաջ իշխանությունների համար սեւերի ճամբարը սահմանափակվում էր նախկին իշխանավորների ու նրանց աջակցողների շրջանակով, ապա այժմ այն ընդլայնվում է՝ ներառելով Երեւանի քաղաքապետի աթոռի համար մղվող ընտրապայքարում թափ հավաքող «Բարգավաճ Հայաստանի» ողջ քաղաքական թիմին։
Վերջինիս ներկայացուցիչներին վերեւներից արդեն հասկացնում են, որ եթե շարունակեն այդ թափով առաջ գնալ, ապա նրանց հանդեպ գործի կդրվեն միջնորդավորված լծակներ, այսինքն՝ ճնշումը կտեղափոխվի իրենց կուսակցության առաջին դեմքի վրա, որպեսզի նա էլ իրենց ինչ-որ պետք է «ասի», այն է՝ թելադրի, հրահանգավորի ավելի մեղմ եւ ոչ հարձակողական ընտրարշավ։
Հարգելիներս, բայց չէ՞ որ դուք տարիներ շարունակ Հայաստանի նախկին իշխանություններին էիք մեղադրում «Բարգավաճի» առաջնորդին հարկային եւ այլ լծակներով ճնշելու եւ նրա գլխավորած կուսակցությանը չափավոր ընդդիմության դաշտում պահելու համար։
Ինչպե՞ս եղավ, որ այժմ դուք եք որդեգրում ձեր կողմից այդքան ատելի սեւերին վերագրվող մեթոդները։ Թե՞ նրանց չէր կարելի նման լծակներ գործադրել, իսկ ձեզ կարելի է։ Բայց ո՞ւր է այդ դեպքում ժողովրդավարությունը, ընտրապայքարի ազատության ապահովումը եւ այլ կարգախոսները, որոնց միջոցով տիրանում էիք իշխանությանը։
Եվ սա դեռ սկիզբն է, քանզի քաղաքական պայքարն ունի իր հստակ տրամաբանությունը, որը ենթադրում է ընտրություն նպատակի ու միջոցի միջեւ։ Եթե այսօր քաղաքապետի աթոռի համար մղվող պայքարում իշխանությունն արդեն խոսք է բացում «Բարգավաճին» «ասելու» մասին, ապա վաղը, երբ խնդիր կդրվի անցնել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանն ու իրականացմանը, կգա նաեւ «անելու» ժամանակը։
Այսինքն՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հավանական վտանգ են ներկայացնում գործող իշխանությանը, ստիպված կլինեն իրենց գրասենյակներում «հյուրընկալել» հեղափոխության նվաճումների համար պայքարող դիմակավոր անձնավորություններին, եթե հայտարարվի, որ այդ ուժերը պատկանում են հակահեղափոխության ճամբարին, այսինքն՝ սեւ են։
Բայց նման պայմաններում նա, ով բռնում է ու հալածում, հաստատ այլեւս չի կարող սպիտակ կոչվել։ Եվ եթե ներկա սպիտակները այդքան արագությամբ սկսում են սեւանալ եւ արդեն իսկ գորշ տեսք են ընդունել, ապա անկախ անձերի պարզունակ փոխատեղումներից՝ քաղաքական գունապնակի համատարած սեւացումը խոստանում է ոչ թե հեղափոխության, այլ հակահեղափոխության հաղթանակ, կամ ուղղակի՝ հայկական թերմիդոր։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում