Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ի «Մարտի 1-ի» արտակարգ դրության վերաբերյալ ԱԺ-ում որեւէ քվեարկություն չի եղել. Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 18,2018 12:37

«Ցավում եմ, որ շարունակելով օգտագործել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, տարատեսակ կիսագրագետներ եւ մարտնչող տգետներ, նվազագույն գիտելիքներ անգամ չունենալով Հայաստանի օրենսդրությունից, երկրի Սահմանադրությունից, շարունակում են տգետ հայտարարություններով հանդես գալ: Ես ցավում եմ, որ մարտնչող տգիտությունը եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս դառնում է գերակա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, տեւական ժամանակ է համացանցում լուրեր են պտտվում, որ 2008 թվականի մարտի 1-ին Նաիրա Զոհրաբյանը «կողմ» է քվեարկել արտակարգ դրություն մտցնելու նախագծին: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այդ մասին խոսեց նաեւ «Ելք խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը:

«Նաիրա Զոհրաբյանը կամ որեւէ մեկը`խորհրդարանի տվյալ գումարման պատգամավորներից, չէր կարող «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկել արտակարգ դրություն մտցնելու նախագծին, որովհետև նման նախագիծ խորհրդարանում չէր կարող քվեարկվել`այն պարզ պատճառով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը ստորագրում է նախագահը`առանց խորհրդարանի: Դա որեւէ քվեարկություն չի նախատեսում եւ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ որեւէ քվեարկություն չի էլ եղել»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը Լենա Նազարյանին հորդորում է ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, կարդալ 2008 թվականի մարտի 1-ի նիստերի արձանագրությանը, ինչից հետո, թե Լենա Նազարյանը, թե համացանցում նման ապատեղեկատվություն տարածողներն, ըստ նրա, եթե ունեն պարկեշտություն, պիտի իրենից ներողություն խնդրեն: «Տեւական ընթացք հետեւելով այդ թեմայի շահարկմանն ինձ շատ հետաքրքիր էր`գոնե մեկ գրագետ մարդ կգտնվի՞ ով կասի, որ դա նախագահի բացառիկ իրավասությունն էր»,- ասաց մեր զրուցակիցը`խնդրելով Լենա Նազարյանին`ցույց տալ իրեն այդ քվեարկությունն, ինչի մասն խոսում է:

«Եվ եթե իրավաչափ չի եղել Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, տարեք Քոչարյանին կախեք»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը` կրկին հորդորելով`գոնե երկրի Սահմանադրությունը ծանոթանալ, որպեսզի անհարմար վիճակի մեջ չընկնեն:

Հետաքրքրվեցինք`այդ դեպքում ի՞նչ քվեարկության արդյունքների մասին է խոսքը, որ շրջանառում են մամուլում:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, խոսքը վերաբերում է ԱԺ-ի հայտարարության տեքստին` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որն իմ հարգարժան գործընկերները կամ շփոթում են, կամ միտումնավոր փորձում են ներկայացնել արտակարգ դրության քվեարկություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930