«Մեզ համար կարեւոր է, որ դրական քարոզարշավ իրականացնենք եւ դրա արդյունքում ընտրվենք: Մեր գերխնդիրը չէ պաշտոն զբաղեցնելը: Մերժվածներ չպետք է լինեն: Թիրախավորումը խտրականության դրսեւորման ձեւերից է, ինչը պետք է բացառենք Երեւանը կառավարելիս»,-«Մամուլի ազգային ակումբ»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի եւ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հեռակա «հակամարտությանը», ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները քարոզարշավում լարվածության մթնոլորտ չե՞ն ստեղծում»: Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Ընտրարշավին չի մասնակցում մի ուժ, որը մշտապես ասոցացվել է «զոռբայության» եւ բիրտ ուժի հետ, ուստի կարծում եմ՝ այլ լույսի ներքո պետք է անցներ քարոզարշավը: Կոչ եմ անում վերադառնալ բարի մթնոլորտ: Հեղափոխության արդյունքները կապիտալիզացնելու համար պետք է բազմակարծություն եւ հանդուրժողականություն լինի: Դա չի ենթադրում միակուսակցական կառավարում կամ այլախոհության մերժում»:
Հարցին՝ «ձեր գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի նպատակը սեփական թիմի հաղթանա՞կն է, թե՝ արդար ընտրությունների անցկացումը», Արտակ Զեյնալյանն այսպես արձագանքեց. «Կարող եմ ասել «Լույս» դաշինքի նպատակը: Այն է՝ ընտրությունների արդյունքում խռովածներ չպետք է լինեն, ընտրությունները պետք է ավարտվեն հաշտությամբ, չէ՞ որ պետք է պատրաստվել հետընտրական գործընթացներին: Չի կարելի այդքան հակադրվել: Առաջնորդները կարող են իրար ժպտալ, բայց թիմերը կարող են խռոված մնալ իրար հանդեպ: Իսկ այդ կերպ չենք կարողանալու կառավարում իրականացնել»:
https://www.youtube.com/watch?v=WvBJg8VuTOY
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ