«Ես չեմ շահարկում փաստը, որ ազատամարտիկ եմ, չեմ շահարկում վիրավոր լինելու հանգամանքը: Նույն կերպ չեմ շահարկում, որ առողջապահության փորձագետ եմ եւ իրավապաշտպան»,-«Մամուլի ազգային ակումբ»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով փաստին, որ սոցցանցերում «Իմ քայլը» դաշինքի երիտթեւի ներկայացուցիչները Արտակ Զեյնալյանի մասին ծաղրանկարներ են տարածում՝ գրելով, որ նա շահարկում է իր կարգավիճակը, ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
«Չկա որեւէ փաստ, որ մրցակից-գործընկեր դաշինքի երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են դրանց հեղինակները: Դրանք անանուն օգտատերեր են անում: Գուցե այս կամ այն համակիրների կողմից են տարածվում, բայց չեք կարող ապացուցել, որ հենց նրանք են հեղինակները»,-համոզմունք հայտնեց Արտակ Զեյնալյանը:
Նրա ընդգծեց. «Չեմ սիրում, երբ ինձ ուղղված գովեստի խոսքերը սխալ են մեկնաբանում: Ես երիտասարդ եմ եւ պետք է ապրեմ: Ապրել, նշանակում է՝ սխալվելու իրավունք ունենալ: Ես սովորական քաղաքացի եմ, եւ ամենաբարձր պաշտոնն ազատ քաղաքացու պաշտոնն է»:
Ինչ վերաբերում է փաստին, որ «Լույսի» քարոզչական պաստառների վրա փակցված են եղել «Իմ քայլը» դաշինքի պաստառները, Արտակ Զեյնալյանը հայտնեց. «Իմ թիմին հրահանգել եմ՝ երբ կտեսնեն նման բան, ոչ մի պատասխան չտան այդ երեւույթին եւ շարունակեն մեր պաստառները փակցնել այնտեղ, որտեղ թույլատրելի է: Մեր որդեգրած քաղաքականությունն այդպիսինն է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
https://www.youtube.com/watch?v=WvBJg8VuTOY
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Պաստառների լուսանկարը՝ սոցցանցից