Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, անդրադառնալով ավագանու ընտրություններին եւ նախընտրական պայքարին, մի կարեւոր առանձնահատկություն է նշում․ «Լիարժեք ընկալում չկա, հակառակ դեպքում քարոզարշավն այլ կերպ կընթանար։ Այսինքն՝ բոլոր ուժերը, վերջին հաշվով, ներկայացնում են մեր ապրած իրականությանն ընդդիմություն, եւ այդ առումով բոլորն իրար փոխլրացնող ուժեր են, եւ չկա ոչ մեկը, որ լինի գաղափարական հակադրություն մեկ ուրիշի նկատմամբ։ Փաստորեն, պայմանականորեն կարող ենք ասել, որ մասնակցում է մի կուսակցություն, եւ այդ առումով քարոզարշավն ինձ դուր չի գալիս, որովհետեւ քարոզարշավը ծառայում է այդ մի ընդհանուր գաղափարն ավելի վարկաբեկելուն, պղծելուն, եւ կարծես թե ընդդիմությունն ինքն իրեն ոչնչացնելու ծրագիր է իրականացնում։ Մինչդեռ կարելի էր սիրո եւ համերաշխության միջոցով ձեւավորել կոալիցիոն քաղաքային մի իշխանություն, որն իրար փոխլրացնելով՝ կլուծեր մեր առջեւ ծառացած հիմնական խնդիրները, որովհետեւ բոլորն էլ կոչված են դրան։ Այդ առումով ես ոչ թե պայքար կուզեի տեսնել, այլ նույն սիրո մթնոլորտն արտահայտելու հնարավորություն։ Դրանից կշահեր ե՛ւ հոգեւոր դաշտը, ե՛ւ կձեւավորվեր մի քաղաքային իշխանություն, որը կմտածեր իր բուն առաջնահերթությունների մասին»։
Չալիկյանը չի ստացել ավագանու ցուցակներում ընդգրկվելու առաջարկ, ավելին՝ ստանալու դեպքում էլ կհրաժարվեր․ «Մշակույթով զբաղվելն ուրիշ է, մշակույթը կառավարելը լրիվ հակառակ խնդիր է, ես չեմ կարծում, որ իրոք արվեստի, մշակույթի մարդը կուզենա ինչ-որ բան կառավարել ու ղեկավարել։ Այդ առումով ինչքան էլ ոմանց մշակութային դաշտում հարգում եմ, եթե նրանք փորձում են մտնել քաղաքական դաշտ, ես զգում եմ, որ նրանք անելիք չունեն, որովհետեւ պալատում միայն խեղկատակներ կարող են լինել, այնտեղ ստեղծագործող չի կարող լինել»։
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, ապա․ «Ցավոք, բարձր եմ գնահատում նրա ընտրվելու շանսերը ոչ թե նրա համար, որ ես դեմ եմ, այլ նրա համար, որ չէի ուզի այս երկիրը գնար դիկտատի միանձնյա կառավարման։ Ես անգամ կուզեի այդ կուսակցությունը («Քաղաքացիական պայմանագիրը») ներկայացներ իր կազմը, բայց քաղաքապետ իր կողմից չներկայացներ, այսինքն՝ փորձեր մարդկանց պահել հենց այդ նույն սիրո եւ համերաշխության մթնոլորտում ու երկրի քաղաքացի լինելու գաղափարը շեշտեր։ Ես այդտեղ չեմ տեսնում այն քաղաքական դեմքը, որը կարող է ոչ միայն բոլորին մոբիլիզացնել, այլեւ չէի ուզի, որ քաղաքական դաշտում հենց ինքը մոնոպոլ խնդիրներ լուծեր։ Լավ կլիներ, որ քաղաքապետը բոլորինս լիներ՝ ոչ թե այն առումով, որ բոլորը նրան ընտրեին, այլ իր նկարագրի եւ սիրո համերաշխության տրամաբանությունից ելնելով։ Իսկ անձի հետ կապված որեւէ խնդիր չունեմ, շատ կարգին տղա է, լավ անձնավորություն, բայց դա որեւէ երաշխք չէ, որ նա կարող է լինել լավ քաղաքապետ»։
Չալիկյանն ընդգծում է, որ հայտնվելով համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ իրավունք չունեինք աշխարհի այդ հետաքրքրությունը մեր հանդեպ տանուլ տալ, մենք դա պետք է հզորացնեինք, մեծացնեինք եւ ցանկացած նախաձեռնության մեջ նոր գաղափարներ, նոր գերխնդիրներ, նոր քաղաքակրթական արժեքներ փորձեինք ներմուծել․ «Այսինքն՝ մենք պետք է փորձեինք այս սպառված քաղաքական, տնտեսական հսկայական ճգնաժամի պայմաններում մեր խոսքն ասել։ Մենք կամաց-կամաց մեր խոսքը տանուլ ենք տալիս, եւ եթե ասեն, որ 100 տոկոս արդար ընտրություններ են լինելու, դա ինձ համար քիչ է։ Ես կուզենայի, որ այդ ընտրությունների ուղղվածությունը, ոգին, որակը, իր առջեւ դրված գերխնդիրները լինեին այնպես, որ հետաքրքրեին էլի նույն համաշխարհային հասարակայնությանը։ Այսինքն՝ մենք փորձում ենք քայլել էլի կիսաքայլերով, ինչքան էլ դրանք լիարժեք լինեն, որն ինձ չի գոհացնում։ Ես այսօր ուզում եմ մեծ խնդիրներ դնել, մեծ քայլեր անել, մեզ ամեն օր է պետք հեղափոխություն, որովհետեւ այն իրականությունը, արժեքները, որ մեզ պարտադրել են, շատ հեռու է մեր ինքնությունից։ Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու, որը եթե չլուծենք, շատ վախենում եմ, որ նորից գլորվենք նույն ճահճի մեջ»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում