«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ականները թաքուն ծրագրեր են մշակել։ Մասնավորապես, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել էր իրավիճակը չսրելու համար ապահովել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու համար համապատասխան քանակությամբ կողմ ձայներ, երեքից-չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի աշխատանքին։ Նրանք այդ ժամանակ թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից եւ վերջինս ու իր թիմը կձախողվեն։
Եվ փաստացի այդ երեք ամիսը ՀՀԿ- ականներն իսկապես սպասել են։ Ընդ որում՝ նրանք նաեւ ծրագրեր էին մշակել, թե ինչ են անելու, եթե իսկապես իրենց ծրագրերը իրականանան։
Եվ այդպես էլ եղավ, ընդ որում ՀՀԿ- ականների հիմնական թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ հայ-ռուսական հարաբերությունները։ Հատկապես վերջին մեկ ամսում այդ առումով ՀՀԿ-ականներն իրար հերթ չեն տալիս քննադատելու այդ մարտավարությունը։ Մյուս թիրախն էլ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն է։ Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականները պնդում են, թե տնտեսական քաղաքականություն առհասարակ չկա։
ՀՀԿ-ականներն ամեն անգամ հատկապես ոգեւորվում էին հենց ռուսական կամ այլ երկրների գործիչների կողմից քննադատություն լսելու պարագայում։ Եվ եթե նախկինում նույն ՀՀԿ-ական պատգամավորները խուսափում էին լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ եւ անդրադառնալ Փաշինյանի աշխատանքին՝ խորհուրդ տալով սպասել, ապա այժմ իրենք են ձգտում խոսել կամ արտահայտվել սոցիալական ցանցերի իրենց էջերում։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում